Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է.
«Նիկոլը, Ժաննան ու եռաֆազը հերթական խայտառակ ու խոտան դասագիրքն է հրամցվում մեր երեխաներին։
Ինչպես և սպասվում էր, թավշուկները պատմության հերթական, այս անգամ 9-րդ դասարանի պատմության դասագիրքը պատրաստելիս, փորձել էին բոլոր ճիգերը գործադրել նախորդ՝ 7-րդ և 8-րդ դասարանների դասագրքերի շռնդալից ու խայտառակ պատմություններից խուսափելու համար, սակայն կրկին կանգնել են նույն փոցխի վրա:
Շտապեմ ասել, որ շատ թռուցիկ թերթել եմ հերթական ազգային ողբերգությունը, որն այս անգամ «հզորացվել» էր յոթ հեղինակներով՝ նախորդ «անկրկնելի», «հանճարեղ» ու «սուպերունիվերսալ» պատմաբան Սմբատ Հովհաննիսյանի փոխարեն: Այս անգամ էլ դասագրքային հանցագործության առաջնագծում է «Մասնակցային դպրոց» կոչված կարտելը:
Արդեն երրորդ անգամ պետական հանցագործներից կազմված իշխանությունները մեր երեխաներին աղբ են մատուցում, այս անգամ այդ աղբը համեմելով իր իրենց խղճուկ, եղկելի ու սին գաղափարները դպրոցական դասագիրք ներմուծելով: Պատասխան եք տալու յուրաքանչյուրդ՝ ձեր ամոթալի ու ստոր բոլոր արարքների համար: Պարտքս կհամարեմ անուն առ անուն մոռացության չտալ յուրաքանչյուրիդ այլանդակությունները:
Իր մամուլի ասուլիսների ժամանակ կուլտուրայի նախարար Ժաննան խրոխտաբար հայտարարում էր, թե բացարձակ խոտան հանդիսացող 7-րդ դասարանի դասագիրքը «շրջանառությունից հանելու մասին խոսք չկա», իսկ անցյալ տարեվերջին Նիկոլ Փաշինյանը հերթական լայվով ողորմելի փորձեր էր կատարում «փրկել» թե´ տեխնիկական, թե´ բովանդակային և թե´ մանկավարժական տեսանկյուններից բացարձակ խոտան հանդիսացող դասագիրքը՝ հակադրվելով 100-ից ավելի մասնագետ-գիտնականների կարծիքին՝ հընթացս գովեստներ շռայլելով դասագրքի ու դրա հեղինակի հասցեին:
9-րդ դասարանի դասագրքի պարագայում տեսնում ենք «Հայաստանի պատմություն» ձևակերպման մուտքագրումը կրթության ոլորտ: Մինչ կհրապարակեմ մանրամասն գրախոսական սովետական քաղկուս պատմության ձեռնարկ հիշեցնող և «դասագիրք» կոչված այս պոռնկության մասին, վայելեք ընդամենը մեկ էջի վրա տեղադրված այս երկու լուսանկարներն ու դրանց բացատրագրերը:
Երրորդ անգամ միևնույն հանցագործության շղթան ու տրամաբանությունը կրկնող իշխանությունների պարագայում ավելորդ եմ համարում ասել, որ գործ ունենք ռեցիդիվիստների, ասել կուզի՝ կրկնահանցագործների հետ, դե իսկ քննչական մարմիններին ու ԱԱԾ-ին դիմելը և հրապարակված գրախոսությունները որպես հանցագործության մասին հայտարարություն ներկայացնելն անիմաստ ակնկալիքներ են, քանզի ապրում ենք պետականության ու պետական ինքնիշխանության լիակատար բացակայության պայմաններում:
Եվ այսպես, էջ 92-ում տեղադրված երկու լուսանկարները
ա. Լուսանկարը վերնագրված է «Պահածոների արտադրություն Երևանում, 1927»: Խաբկանքը հետևյալն է. լուսանկարը ներկայացնում է 1900-ականներին թողարկված փոստային բացիկ՝ երևանյան գործարար Եղիազարյանի պահածոների գործարանի տեսարանով և այն կապ չունի սովետական շրջանի հետ: Այդ մաասին է վկայում բացիկի վերին աջ անկյունում գրված տեքստը, որը ալարել են նույնիսկ մաքրել յոթ վայ պատմաբանները:
բ. Սա փնթիության ու հանցավոր միջակության լավագույն օրինակ է: Լուսանկարը վերնագրված է այսպես. «Հացի գործարան Երևանում, 1930-ական թթ.»: Իրականում լուսանկարում պատկերված է Լենինականի No. 16 միջնակարգ դպրոցի շենքը, որը փլուզվեց 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ:
Հիշեցնեմ, որ ԿԳՄՍ նախարարության հանցագործներին առաջարկել էի անվճար հիմունքներով սրբագրել դպրոցական պատմության դասագրքերը՝ մինչ դրանց տպագրության հանձնելը: Հանուն մեր երեխաներին որակյալ կրթություն ապահովելու ցանկության, ոչ ավելին…
Ամբողջական գրախոսականը կհրապարակեմ մոտ օրերս»: