«2021 թվականին Հայաստանում աղքատության ցուցանիշը կազմել է շուրջ 27 %։ ՔՊ նախընտրական խոստումն էր, որ այն պետք է կրճատվի 2 անգամ։ Վերջին պաշտոնական տվյալների համաձայն, աղքատության ցուցանիշը Հայաստանում շուրջ 22 % է, իսկ ծայրահեղ աղքատության մեջ մեր հայրենակիցներից շուրջ 30,000-ն են գտնվում»,- թվային տվյալները ներկայացնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարևանյանը սոցիալական ցանցի իր էջում տարածված տեսանյութում։
Ըստ նրա, այս տվյալները խոսում են այն մասին, որ սոցիալական պատասխանատվության պարտադիր պարտականությունն այս իշխանությունը տապալել է։
«Այն, որ այս 8 տարիներին բազմաթիվ սուտ, կեղծ խոստումներ են ներկայացրել, մանիպուլյացիաներ են իրականացրել՝ դա փաստ է։ Բայց երբ մենք խոսում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բարեկեցությունն ընդհուպ մինչև հենց մեր ինքնիշխանության կարևորագույն հարցն է, տեսնում ենք, որ վերջին ութ տարիները հակառակ ուղղությամբ են տարել այս անձինք։
Սամվել Կարապետյանի խոստումը նրանում է, որ ուժեղ Հայաստանում ծայրահեղ աղքատությունը պետք է վերացվի, իսկ դրա հաղթահարման համար կոնկրետ հիմնադրամ է ստեղծվելու՝ կոնկրետ գործողությունների ծրագրերով, այդ թվում՝ աջակցության և նպաստների ապահովման»,- նշում է փաստաբանը։
Վարևանյանը նաև ասում է, որ Հայաստանում անհրաժեշտ է դեմոգրաֆիական վիճակի կտրուկ փոփոխություն. «Վերջին 5 տարիների դինամիկան հենց խոսում է այն մասին, որ մենք լրջագույն ազգային անվտանգության նույնիսկ սպառնալիք ունենք դեմոգրաֆիական ցուցանիշների, ամուսնալուծությունների ցուցանիշների տեսանկյունից»։
Մանրամասն՝ տեսանյութում։










