Պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը գրում է. «Ալեքսանդր Առաջին կայսեր զորքերը 1814 թվականին Փարիզ չեն մտել մտքով, որ մնալու են Ֆրանսիայում: Ռուսները (Սովետը) նույնիսկ Բեռլինը չեն գրավել՝ մտքում ունենալով, որ դուրս չեն գալու: Երկրորդ աշխարհամարտի արդյունքները՝ Արևմտյան Եվրոպայի ամերիկյան և Արևելյան Եվրոպայի սովետական օկուպացիան, այնքան կյանք ունեցավ, որքան որ Սովետական Միությունը կարողացավ ձգել:
Իսկ ձգելը նախ և առաջ գաղափարախոսական իմաստ ուներ: Նույն ԱՄՆ-ը մինչև հիմա ձգում է: Հեքիաթ է, որ ԽՍՀՄ-ը դուրս է եկել Արևելյան Եվրոպայից ու փլուզվել է տնտեսական պատճառներով: Հեքիաթ է, որովհետև իր գոյության, անգամ, ամենացածր կետում՝ 1991-ին, ԽՍՀՄ-ը միևնույնն է՝ շարունակում էր լիներ աշխարհի երկրորդ տնտեսությունը, միաժամանակ աշխարհի ամենհզոր բանակներից մեկն ուներ, եթե ոչ ամենահզորը: Ու սա 1991-ին՝ ԽՍՀՄ ցուցանիշային ամենաստորին ժամանակում:
Ասել կուզի՝ Սովետներն Արևելյան Եվրոպայից դուրս են եկել կոմունիստական գաղափարախոսության սնանկացման պատճառով, և ոչ թէ այն պատճառով, որ ռուսներն Արևելյան Եվրոպան համարել են իրենց քաղաքակրթական ազդեցության ու գոյաբանական շահերի տիրույթը, բայց չեն կարողացել պահել: Նույնն էլ ԽՍՀՄ փլուզումն է, այն շատ հանգիստ կարող էին պահել, ոչ մեկը դրան առանձնապես դեմ չէր: Սովետների երկիրը չեն փլուզել մերձբալթյան ժողովուրդները, հայերը կամ տաջիկները: ԽՍՀՄ-ը 1991-ին փլուզել են ռուսները՝ սլավոնական մյուս երկու հանրապետությունների՝ Ուկրաինայի և Բելոռուսի հետ միասին՝ Բելովեժյան անտառում, առանց մնացած հանրապետությունների հետ խորհրդակցելու:
Այդ հիմա են գլխներին տալիս ու քարոզչական նկատառումներով թոզ փչում, թե Խորհրդային Միությունը փլուզեցին ամերիկացիները, մասոնները, վրացի ու հրեա այլախոհները, Երևանի Թատերական հրապարակի ցույցերի մասնակիցները… Իրականում ԽՍՀՄ-ը փլուզել են Ռուսաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կուսակցական բոսսերը, որոնք ներկայացնում էին հանքահումքային կլանների ու արդյունաբերական հատվածի «կարմիր դիրեկտորների» շահերը: Փլուզեցին, որ Տյումենի նավթից ու Յամալի գազից օրինակ՝ ուզբեկներին փայ չտան:
Այս մարդիկ հավատում էին, որ հետխորհրդային տարածքը միևնույնն է՝ փախչելու տեղ չունի և ռուսական ազդեցությունը պահպանվելու է, բայց ավելի քիչ ռեսուրսների ներգարվմամբ, քան Սովետի ժամանակներում:
Ընդհանրապես՝ պատմականորեն Ռուսաստանի անվտանգության և կենսական շահերի սահմանը Եվրոպայում անցնում է Մինսկով և Անդրկարպատներով, Կովկասում՝ Արաքս գետով, Կենտրոնական Ասիայում՝ Փյանջ գետով: Այս գծերից այն կողմ Ռուսաստանն անելիք չունի, բայց ամեն ինչ արել է այս գծերը պահելու համար:
Եվ, այո, ի տարբերություն Փարիզի կամ Բեռլինի՝ 1806 թվականին ռուսները մտել են Ղարաբաղ, որպեսզի մնան: Ու մնացել են շուրջ 200 տարի: Մնացել են հայերով՝ Արցախի հայերով՝ ամբողջ Կովկասում Ռուսաստանի հանդեպ ամենաբարձր լոյալության մակարդակն ունեցող ժողովրդով, որի հետ, անկախ ամեն ինչից, վարվեցին ամենաանարդար ձևով:
Կրկնում եմ՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայության, նույն ինքը՝ Արաքսի ափին մնալու բանալին Հայաստանն է, իսկ առանց հայկական Արցախի այդ բանալին գոյություն չունի: Հիմա ինչ կա, ժամանակավոր է, օրեցոր դանդաղացող իներցիայի արդյունք է: Ռուսաստանն ինչ-որ պահի քայլեր է ձեռնարկելու վիճակը շտկելու և «բանալին» վերականգնելու համար:
Ռուսաստանը չի անելու, որովհետև հայերին շատ է սիրում, անելու է, որովհետև չանելու այլընտրանք չունի: Այնպես չէ, որ Մոսկվայում չգիտեն՝ Հայրենական Մեծ Պատերազմից հետո Ռուսաստանի պատմության ամենաերկարատև, ամենաարյունալի ու թանկարժեք պատերազմը Իմամ Շամիլի գլխավորած Կովկասի լեռնականների դեմ պատերազմն է եղել, որում ռուսները հաղթելու նույնիսկ շանս չէին ունենա, եթե ռուսական բանակը կանգնած չլիներ Արաքսի ափին:
Ուստի Ռուսաստանի լայնամասշտաբ «վերադարձին» հայկական քաղաքական ու քաղաքագիտական միտքը պետք է պատրաստ լինի առաջարկների, ծրագրերի, շահերի, երաշխիքների ու կարմիր գծերի ամբողջական փաթեթով, որպեսզի երբեք այլևս չկրկնվի այն, ինչի մեջ մենք հիմա ապրում ենք:
Իսկ թե ինչով է տրամաբանական պնդումը, որ Ռուսաստանը չի հեռացել ու չի պատրաստվում հեռանալ Հայաստանից, պետք է նշել ընդամենը մեկ հանգամանք. եթե Ռուսաստանը հեռացած լիներ կամ պատրաստվեր հեռանալ Հայաստանից, ապա 2020 թվականի նոյեմբերի 10-ի առավոտը Նիկոլը չէր լուսացնի… Ավելին՝ 2021 թվականի հունիսին արտահերթ խորհրդարանական ընտրություն չէր լինի՝ Կիրիենկոյին «հաղթող» նիկոլական իշխանության և Կիրիենկոյի «զանգին սպասող» ընդդիմության ձևավորմամբ»: