Ծիծեռնակաբերդ, Գյումրի. նոր մանրամասներ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան այցից


Ծիծեռնակաբերդ, Գյումրի. նոր մանրամասներ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան այցից
Ապրիլ 30 12:43 2026

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն: Այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահը նախ կմասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, հայտնում են ՀՀ կառավարությունից։
 
Մայիսի 5-ին կմեկնարկի Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստանի Հանրապետություն:

Տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների առաջնորդների ընդլայնված կազմով հանդիպումը:

Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը հանդես կգան ԶԼՄ-ների համար հայտարարություններով:

Նախագահ Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև կայցելի Մատենադարան:

Տեղի կունենա նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:

Պետական այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահը ՀՀ վարչապետի ուղեկցությամբ կայցելի Գյումրի, որտեղ հարգանքի տուրք կմատուցի 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին:

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը Գյումրիում ներկա կգտնվեն «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին: