Հայաստանն այսօր որդեգրել է մի ճանապարհ, որը կարող ենք անվանել ժողովրդավարության ուղի. Վահագն Խաչատուրյան


Հայաստանն այսօր որդեգրել է մի ճանապարհ, որը կարող ենք անվանել ժողովրդավարության ուղի. Վահագն Խաչատուրյան
Հունիս 29 14:08 2025

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:

 

Խաչատուրյանը, մասնավորապես, ասել է. «Հայաստանի Հանրապետությունն այսօր որդեգրել է մի ճանապարհ, որն ընդհանրական ձևակերպմամբ կարող ենք անվանել ժողովրդավարության ուղի և այս առումով Եվրոպական միության հետ համագործակցությունը շատ կարևոր է։

 

Ես կարող եմ ասել, որ մեր համագործակցությունը հաջողված է, որն ընդգրկում է մեր կյանքի բոլոր բնագավառները քաղաքական, տնտեսական, հասարակական, պառլամենտական, տեղական մակարդակներում։ Բարձր ենք գնահատում նաև Եվրոպական միության այն աջակցությունը, որ ցուցաբերվում է Հայաստանին արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմակայելու հարցում»։

 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Կայաս Կալասն նշել է, որ ուրախ է Հայաստան այցելելու համար. «Մենք կարևորում են Հայաստան ԵՄ սերտ համագործակցությունը և շահագրգռված ենք Ձեր տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում»։

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն բազմաշերտ համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու հիմնարար դիրքորոշումները՝ ընդգծելով, որ Հայաստանը հաստատակամորեն հետևում է տարածաշրջանում խաղաղության հաստատման և բոլոր հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների կառուցման ուղուն։

 

Կարևորվել են վերջին տարիներին ՀՀ-ում իրականացվող բարեփոխումները՝ արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և կայացման ոլորտներում, և դրանց ուղղությամբ ստացվող միջազգային աջակցությունը։

 

Հանդիպման մասնակիցները շեշտադրել են պետական և քաղաքական ինստիտուտների կայացման ուղղությամբ ՀՀ իշխանությունների կողմից գործադրվող հետևողական ջանքերը։

 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև էներգետիկայի, մասնավորապես՝ վերականգնվող ու «կանաչ» էներգիայի ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների շուրջ՝ ընդգծելով այդ ուղղությամբ Հայաստան-ԵՄ փոխգործակցության խթանման և նոր նախաձեռնությունների ձևավորման կարևորությունը։