Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը հայտարարությամբ է հանդես եկել․
«Այն, ինչ տեղի է ունենում Հայ առաքելական եկեղեցու շուրջ, հակասում է ոչ միայն մեր ժողովրդի դարավոր հոգևոր և մշակութային ավանդույթներին, այլև հիմնարար իրավական սկզբունքներին:
Եկեղեցու կյանքին ուժային կառույցների միջամտությունը, որը դրսևորվել է հոգևորականների նկատմամբ ճնշման ձևով, կոպտորեն խախտում է սահմանադրական իրավունքի նորմերը, խղճի և դավանանքի ազատության սկզբունքները, որոնք ամրագրված են ինչպես միջազգային իրավական ակտերով, այնպես էլ Սահմանադրությամբ և ազգային օրենսդրությամբ, և հակասում է ողջախոհությանը:
Հայ եկեղեցին դարեր շարունակ եղել և մնում է հայ ժողովրդի հոգևոր և ազգային արժեքների պահապանը, նրա ինքնության, հավատքի և միաբանության պատվարը, հետևաբար` նրա հեղինակությունը խարխլելու, հոգևորականներին վարկաբեկելու կամ հավատացյալների շարքերում պառակտում մտցնելու փորձերն անթույլատրելի են և սպառնում են ինչպես հոգևոր, այնպես էլ հասարակական ներդաշնակությանը:
Մենք դիմում ենք մեր ծխականներին, Ռուսաստանի Դաշնության ողջ հայ համայնքին և կոչ ենք անում պահպանել հանգստություն և տոկունություն, գործել բացառապես Ռուսաստանի իրավական դաշտում, չտրվել սադրանքներին և կեղծ տեղեկատվական լցոնումներին, որոնք վիրավորում են հավատացյալների զգացմունքները, ամրապնդել միասնությունը, աջակցել միմյանց, աղոթել խաղաղության, արդարության և հոգևոր վերածննդի համար»։
Թեմը հիշատակել է նաև հիմնարար իրավունքների և ազատությունների ոտնահարման անթույլատրելիության մասին և հույս հայտնել, որ ողջախոհությունն ու արդարությունը կհաղթեն, իսկ ցանկացած տարաձայնություն կլուծվի խաղաղ ճանապարհով՝ հարգելով օրենքը, հոգևոր ավանդույթները, յուրաքանչյուր մարդու հավատն ու արժանապատվությունը: