Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի շուրջ շարունակվում են երկրի էներգետիկ անվտանգության համար խիստ վտանգավոր գործընթացները։
Մի կողմ դնելով տարատեսակ շահարկումները՝ անդրադառնանք ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից 2024 թ. հրապարակված «ՀԷՑ» ՓԲԸ 2023 թ. ներդրումային գործունեության մոնիթորինգային արդյունքներին նվիրված վերլուծական տեղեկանքին:
Դրա համաձայն՝ հոսանքազրկումների միջին հաճախության ցուցանիշը Հայաստանի ողջ տարածքում 2022 թ.-ի համեմատ բարելավվել է շուրջ 8,7%-ով: Միաժամանակ, հոսանքազրկումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է 18,1%-ով: ՀԾԿՀ համաձայն՝ հոսանքազրկումների վերականգման միջին տևողությունը հանրապետության տարածքում բարելավել է 18,3%-ով: Ինչ վերաբերում է մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման շեղման միջին հաճախության և տևողության ցուցանիշներին, ապա դրանք բարելավվել են համապատասխանաբար 3,1% և 8,9%-ով: Ներդրումային ծրագրի կատարման ցուցանիշը կազմել է 91,1%:
ՀԾԿՀ այս գնահատականները վկայում են, որ ՀԷՑ-ի կողմից «ժողովրդին հասցրած վնասների» մասին հայտարարությունները բացարձակ մերկապարանոց են:
Գանք հարցի ռազմավարական տիրույթ:
Նախ՝ ընկերության պետականացման արդյունքում երկրի էներգետիկ անվտանգության համակարգը և, առհասարակ, տնտեսությունը առերեսվելու են լրջագույն ռիսկերի: Աշխարհում Էլցանցերի պետականացման նախադեպերն իրականում այդքան էլ շատ չեն: Այսպես, 2006 թ.-ին Բոլիվիայում ցանցերի պետականացման արդյունքում էապես աճել է անջատումների թիվն ու արձանագարվել ներդրումների շարունակական կրճատում: Նույն պատկերն է ստեղծվել 2012 թ.-ին Հունգարիայում, երբ աջ պոպուլիստ Վիկտոր Օրբանը հայտարարեց «տնտեսական հայրենասիրության» կոնցեպտի մասին, որի ներքո իրականացված էլցանցերի պետականացումը հանգեցրեց համակարգային խնդիրների:
Քաղաքական նպատակներով իրականացված սակագների իջեցումը 10%-ով ոչ միայն կարճաժամկետ բնույթ ունեցավ՝ այնուհետև վերածվելով դինամիկ աճի, այլև հանգեցրեց համակարգի տեխնոլոգիական «ծերացման»:
Էլցանցերի պետականացումն անխուսափելիորեն բերելու է սակագների աճին: Այս իշխանությունների օրոք՝ 2018 թ.-ից ի վեր, Հայաստանում էլեկտրաէնեգիայի սակագինն աճել է միջինում 4,7 դրամով, ընդ որում՝ ՀԷՑ-ի մարժան մնացել է անփոփոխ:
Բայց դա հարցի այլ կողմն է: Խնդիրը նրանում է, որ համակարգի արդիականացման համար անհրաժեշտ ներդրումների իրականացման նպատակով կառավարությունը ստիպված է լինելու ավելացնել պետական պարտքը, որի սպասարկումը հնարավոր է լինելու ապահովել սակագների բարձրացման ճանապարհով (այս խնդրին անդրադարձել եմ նաև իմ նախորդ հրապարակումներում):
Մտահոգիչ է նաև հարցի սոցիալական կողմը: 2024 թ. դրությամբ ՀԷՑ-ում աշխատում է շուրջ 6700 մարդ, որոնց աշխատավարձի բարձրացման առաջարկները մշտապես մերժվել են ՀԾԿՀ-ի կողմից՝ սակագների վրա լրացուցիչ բեռից խուսափելու նպատակով:
Այնուամենայնիվ, աշխատավարձի բարձրացումը հնարավոր է եղել ապահովել բացառապես ընկերության սեփական ֆոնդերի միջոցով: Հաշվարկները ցույց են տալիս, որ 2015 թ.-ից ի վեր այս ուղղությամբ ընկերությունը ծախսել է շուրջ 30 մլն ԱՄն դոլար՝ առանց սակագնի մեջ ներառելու:
Պատրա՞ստ է արդյոք պետությունը ստանձնել նման պատասխանատվություն: Հարցը հռետորական է»: