Հորդորում ենք դատական համակարգին և պատկան մարմիններին գործել օրինականության դաշտում և անհապաղ ազատ արձակել Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին․ Մայր Աթոռ


Հորդորում ենք դատական համակարգին և պատկան մարմիններին գործել օրինականության դաշտում և անհապաղ ազատ արձակել Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին․ Մայր Աթոռ
Հունիս 28 16:36 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարությամբ է հանդես եկել․

 

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է հունիսի 28-ին Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առնչությամբ դատարանի կայացրած կալանավորման և ազատազրկման որոշումը, որն ուղղակի հետևանքն էր վարչապետի և իշխանության բարձրաստիճան մյուս պաշտոնյաների եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ թշնամանքի ու ատելության խոսքի։

 

Փաստերը վկայում են, որ քաղաքական որոշակի ուղղորդմամբ և ճնշման ներքո դատարանի կայացրած որոշումն անհիմն է և ապօրինի։

 

Միքայել արքեպիսկոպոսի դեմ ձեռնարկված քայլերը ոչ այլ ինչ են, քան դասական իմաստով՝ քաղաքական հետապնդում և դրսևորում անձնական վրեժխնդրության իրեն քրիստոնյա և Հայ Եկեղեցու զավակ նկատող մի անձի, ով նախօրեին իրավապահ մարմինների ուժերին հրահանգեց պաշարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ պախարակելի, աննախադեպ ոտնձգություն կատարելով համայն հայության հոգևոր կենտրոնի, եկեղեցականների և հավատավոր ժողովրդի նկատմամբ։

 

Հորդորում ենք դատական համակարգին և պատկան մարմիններին գործել օրինականության դաշտում և անհապաղ ազատ արձակել Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին»։