Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը հայտարարությամբ է հանդես եկել։ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը դատապարտել է Մայր Աթոռի վրա երեկվա հարձակումն ու աջակցություն հայտնել Վեհափառ Հայրապետին։
«Խոր ցավով եւ մտահոգությամբ տեղեկացանք Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ապա Վեհարանի տարածք խուժելու եւ նման իրավիճակ առաջացնելու մասին: Չէինք կարծում, թե հարցը, ի վերջո, դրան կհասնի, սակայն իրականությունը, կարծես, պայթեց հանկարծ՝ ռումբի չափ ուժգին եւ ցնցիչ սաստկությամբ:
Կացությունը անդառնալի վիճակի է հասել, սակայն կոչ ենք անում անհապաղ երկուստեք նահանջել, գեթ կանգ առնել այն կետին, ուր մեզ հասցրել են վերջին դեպքերը։ Եւ կանգ առնել՝ հանդարտությամբ եւ խաղաղությամբ, առանց նոր լարվածություն ստեղծելու, սթափ եւ զուսպ հոգով, այլապես այս ճանապարհը, եթե շարունակվի, մեզ անդունդ պիտի տանի։ Ուստի պետք է խնայել թե՛ Ազգը, եւ թե՛ Եկեղեցին՝ խուսափելու համար նոր եւ ավելի ծանր աղետներից, Եկեղեցու եւ մեր ժողովրդի մեջ նոր բաժանումներ եւ պառակտումներ ստեղծելու վտանգից։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը աղոթարան ու սրբարան է, «կերպարանք Աստուծոյ անքանակ էութեան», ինչպես պիտի ասէր Նարեկացի։ Այն դարերով Հայուն պետականությունն է եղել, առանց պետական իրավունքի, առանց զորքի եւ ոստիկանի, բարոյապես թագավորելով մարմնապես հալածված եւ ընկճված հոգիների վրա, իր ազդեցության շրջանակի մեջ պահելով բախտին այրիացած սերունդները Հայի: Այն կրոնական նվիրապետության կենտրոնը չէ միայն. այլ Հայի հոգեւոր հայրենիքը:
Հետեւաբար, Հանուն Սրբոց Յակոբյանց Զինվորյալ Միաբանության խստագույնս դատապարտում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայոց Սրբության Սրբոցի հանդեպ վերջին օրերի ամոթալի եւ անպատվաբեր դրսեւորումներն ու գործողությունները: Լիահույս ենք, որ Մայր Աթոռը կշարունակի իր գործունությունը համաձայն վանական եւ եկեղեցական օրենքների՝ հարգելով ՀՀ օրենքները, իսկ ՀՀ իշխանությունն էլ կվերահաստատի փոխադարձ հարգանքը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ նրա գահակալի հանդեպ:
Մեր զորակցությունն ենք հայտնում Ամենայն Հայոց Հայրապետին՝ հայցելով Բարձրյալի օգնականությունը եւ մաղթելով Հայոց Հորը երկար օրեր»,- ասվում է հայտարարությունում։