Քաղաքական ընդդիմախոսները ճիշտ կանեն իրենց տոնայնությունը զսպեն, որովհետև իրենք շատ վտանգավոր տոնայնությամբ են խոսում, այդ տոնայնությունները բերում են նմանատիպ միջադեպերի: Այս մասին Ապարանում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անսդրադառնալով Նոր Նորք վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար Տիգրան Մարգարյանի և աշխատակիցների կողմից ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու միջադեպին:
«Չնայած՝ ես մեր բոլոր գործընկերներին զգուշացրել եմ որ մեր ընդդիմախոսները գնում են պարբերաբար սադրանքների, ու ես չեմ կարող իրենց ամեն սադրանքի համար պատասխան տալ»,- ասաց նա:
Ավինյանը հավելեց, որ ամեն դեպքում պաշտոնյաները պետք է զսպվածություն ցուցաբերեն և չտրվեն սադրանքներին: «Մեզ համար բռնությունն անընդունելի է»,-ասաց նա։
Հարցին՝ քաղաքական պատասխանատվություն լինելո՞ւ է, նա ասաց, որ Մարգարյանի հրաժարականը համաչափ և համադրելի քաղաքական պատասխանատվություն է եղել:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ կոռուպցիայի մասին է բարձրաձայնվել, նա նշեց, որ այնտեղ որևէ կոռուպցիա չի եղել և որ այդ ամենն ուղղակի սադրանք էր:
Դիտարկմանն էլ՝ Ձեր անունը անընդհատ «ԱՆԻՖ»-ի ու կոռուպցիայի հետ է կապվում, Ավինյանը նշեց. ««ԱՆԻՖ»-ում կոռուպցիա չկա ու չի եղել»: