Աննա Հակոբյանի արշավը միջոց է բնակչության հանդեպ բռնաճնշումներ սանձազերծելու համար․ վերլուծաբան


Աննա Հակոբյանի արշավը միջոց է բնակչության հանդեպ բռնաճնշումներ սանձազերծելու համար․ վերլուծաբան
Մայիս 22 23:37 2025

Վերլուծաբան Կարեն Վրթանեսյանը գրում է.

«1941թ դեկտեմբերի 7-ին ճապոնացիներն անսպասելիորեն հարձակվում են Խաղաղ օվկիանոսում ամերիկյան ամենամեծ ռազմաբազա Փերլ Հարբորի վրա՝ ահռելի կորուստներ պատճառելով ամերիկացիներին։

ԱՄՆ նախագահ Ռուզվելտը որոշում է ամերիկացիների ցասումը ուղղել երկրում ապրող 120 հազար ճապոնացիների վրա (այդ թվում ԱՄՆ քաղաքացի հանդիսացողների)՝ ուղարկելով նրանց համակենտրոնացման ճամբարներ։

Բայց մինչ անմեղ մարդկանց համակենտրոնացման ճամբարներ ուղարկելը ԱՄՆ իշխանությունները ճապոնացիներին ապամարդկայնացնելու և հրեշացնելու մեծ քարոզարշավ են սկսում՝ մեղադրելով բոլոր ճապոնացիներին 5րդ շարասյուն, լրտես, դիվերսանտ լինելու մեջ։

Քարոզչական նյութերում ճապոնացիները ներկայացվում էին կապիկների, առնետների և … ոջիլների տեսքով։ Մի քանի օրինակ կցում եմ, նայե՛ք։

Երեկ Վահագն Մխոյանը գրել էր, որ Աննա Հակոբյանի արշավն ուղղված է ակտիվ ընդդիմադիրներին ապամարդկայնացնելուն և գրառումից գրառում կրկնվող «ոջիլ» բառը պատահական չէ։

Որպես պատերազմական ժամանակի քարոզչություն 15+ տարի ուսումնասիրած և բուհում դասավանդած մարդ՝ ես հաստատում եմ, որ դա ստանդարտ նախապատրաստական միջոցներ են բնակչության որևէ խմբի հանդեպ բռնաճնշումներ սանձազերծելու համար։

Ասածիցս չի հետևում, որ հենց վաղը սկսելու են բոլոր քննադատներին համակենտրոնացման ճամբարներ նետել։ Բայց փաստ է, որ այդ ուղղությամբ աշխատում են, հող են նախապատրաստում։ Սա բռնապետական ստանդարտ գործիքակազմ է»։