Մխչյանի դպրոցում աշակերտներին հարկադրաբար թմրանյութ հյուրասիրելու դեպքից հետո աշակերտները մինչ օրս չեն հետազոտվել


Մխչյանի դպրոցում աշակերտներին հարկադրաբար թմրանյութ հյուրասիրելու դեպքից հետո աշակերտները մինչ օրս չեն հետազոտվել
Մայիս 21 15:40 2025

Արարատի մարզի Մխչյան գյուղի դպրոցում՝ աշակերտներին հարկադրաբար թմրանյութ հյուրասիրելու  աղմկալի միջադեպից հետո անցել է շուրջ մեկ ամիս,  դպրոցի աշակերտները մինչ օրս չեն հետազոտվել։  Euromedia-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել միջադեպից։

Բռնությամբ թմրանյութ օգտագործած 12–ամյա երկու աշակերտներն են միայն ենթարկվել հետազոտման՝  տոքսիկոքիմիական հետազոտության (մազի անալիզի), ու նաև բարձր դասարանի այն 4 աշակերտները, ովքեր, կապելով փոքրերին, ստիպել են համտեսել թմրանյութը։ Հետազոտման պատասխաններին դեռ սպասում են միջադեպի  զոհ դարձած երեխաների ծնողներն ու ողջ գյուղի բնակիչները, ովքեր ահաբեկված են իրենց գյուղի դպրոցում կատարվածից։  Մինչ այդ, սակայն, գյուղում տրամադրությունների ու տարատեսակ  վարկածների շուրջ բուռն քննարկումներ են ծավալվում և կարծիքների բախումներ կան․ մի կողմը հակված է, որ այս ամբողջը կատարվել է պարզ սոդայով, որ փոքրիկ տղաներից փող կորզեն իրենց ծխախոտի համար, մյուս կողմն էլ համարյա համոզված է, որ սինթետիկ թմրանյութը 12-րդ դասարանի աշխակերտներից մեկի միջոցով մտել է գյուղի դպրոց ու տնօրինությանն ուղղված բազմաթիվ բողոքներից հետո, որոնք անպատասխան են մնացել, հասունացել է արդեն այս միջադեպը։ Անտարբերությունը սնել է մեծ հանցագործություն, ինչին զոհ է դարձել գյուղի պատանիների մի մասը։ 
 
ՔԿ-ից հաստատեցին Euromedia-ի տեղեկություները՝ հավելելով, որ Մխչյանի միջադեպի բացահայտումից հետո  հարուցված քրգործի շրջանակներում միայն մեղադրյալներն ու  տուժողներն են  ուղարկվել տոքսիկոքիմիական հետազոտության՝ հասկանալու համար, թե օրգանիզմում առկա սպիտակ զանգվածն ինչ է, իսկ թե ինչու են թիրախավորված միայն երկու տուժած  աշակերտները ենթարկվել հետազոտման և ինչու իրավապահները  դպրոցի մյուս աշակերտները չեն հետազոտել, այս մասով ՔԿ-ից պատասխան չունեն։

Հիշեցնենք՝  մայիսի 14-ին լրատվամիջոցներն ահազանգեցին, որ Մխչյանի դպրոցում բարձր դասարանցիները 4-րդ դասարանցիներին ստիպողաբար թմրանյութ են  հյուրասիրել։ Դրանից հետո երեխաների մոտ կախվածություն է առաջացել, և նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։