Իրանցին ասել է՝ Ծառուկյանը ինձ չի խաբել, ՀՀ իրավապահներն ասում են՝ չէ, Ծառուկյանն է խաբել. փաստաբան


Իրանցին ասել է՝ Ծառուկյանը ինձ չի խաբել, ՀՀ իրավապահներն ասում են՝ չէ, Ծառուկյանն է խաբել. փաստաբան
Հուլիս 7 16:53 2026

Գագիկ Ծառուկյանին առաջադրած մեղադրանքում ընդհանրապես հանցագործության մասին խոսք չկա, այս մասին դատարանի բակում դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը:

«Իրենք ասում են, իբրև, Ծառուկյանը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներից  հափշտակություն է արել և փողերի լվացում է կատարել: Մենք դատարանում հստակ հիմնավորել ենք, որ այդ անձինք փաստաթղթեր են ստորագրել, որ իրենք են պարտք Ծառուկյանին, և պարտավորվել են այդ գումարները մինչև 2026 թվականը: Իրանի դատարանն այդ մասով արձանագրել էր, որ հանցագործություն չկա: Ինչ-որ իրենք ներկայացնում են, ակնհայտ է, որ հանցագործություն գոյություն չունի: Իրանցին ասել է՝ Ծառուկյանը ինձ չի խաբել, ՀՀ իրավապահներն ասում են՝ չէ, Ծառուկյանն է խաբել»,- մանրամասնեց Ծառուկյանի փաստաբանը:

Նշենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվել է, դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ:

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի  նախագահությամբ, քննում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը։ 

Հիշեցնենք՝ երեկ վաղ առավոտից ԲՀԿ առաջնորդի առանձնատանը և նրան, նրա ընտանիքին պատկանող ավելի քան 70 ընկերություններում, մասնավոր տարածքներում, նրա հետ առնչվող անձանց բնակարաններում Քննչական կոմիտեն, ՀՀ ԱԱԾ, ՀՀ ՊԵԿ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ միաժամանակյա խուզարկություններ էին իրականացնում։ Միայն ուշ երեկոյան ավարտելով քննչական գործողությունները՝ Ծառուկյանը ձերբակալվեց։