ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի մեկնարկին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավորովը շնորհակալություն հայտնեց հայերին՝ հյուրընկալության համար:
«Մեր բանակցությունները տեղի են ունենում նախագահ Պուտինի և վարչապետ Փաշինյանի պայմանավորվածություններին համահունչ: Նրանք պայմանավորվել են վերականգնել բոլոր ուղղություններով համագործակցության ռիթմը»,-ասաց նա:
Ռուս պաշտոնյան նշեց, որ այսօր Միրզոյանի հետ ստորագրել են խորհրդակցությունների ծրագիր:
«Ուզում եմ հայ ժողովրդին և Նիկոլ Փաշինյանին շնորհակալություն հայտնել Մոսկվայում Հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին բարձր մակարդակով մասնակցելու համար և այն բանի համար, որ ՀՀ-ում, ինչպես և ՌԴ-ում հարգում և պահպանում են Մեծ հաղթանակի հիշատակը:
Այստեղ «Անմահ գնդի» երթ է եղել, տասնյակ այլ միջոցառումներ՝ ևս, որոնք թեմատիկ էին՝ նվիրված Հաղթանակի 80-ամյակին: Մենք այս օրը սկսեցինք Անմար կրակի մոտ ծաղկեպսակ դնելով: Այս հանգամանքը ևս հաստատում է մեր հավատարմությունն անկախության, ազատության և խաղաղության արժեքներին, ինչը մեր հերոսական նախնիների շնորհիվ հնարավոր եղավ», -ընդգծեց ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը:
Լավրովը նաև տեղեկացրեց, որ Միրզոյանի հետ անդրադարձել են բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններին, առևտրատնտեսական, անվտանգության հարցերին, դիվանագիտության ոլորտում համագործակցությանը.
«Կապանում ՌԴ հյուպատոսարան բացելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Շահագրգռված ենք նաև քաղաքների, շրջանների, մարզերի միջև եղբայրական կապերի խորացմամբ: Մենք պատրաստում ենք տարածաշրջանային ժողով, որը լրացուցիչ կամրապնդի մեր ռազմավարական գործընկերության հիմքը:
Այս ուղղությամբ մենք ռեկորդային ցուցանիշներ ենք արձանագրել առևտրատնտեսային ոլորտում։ Անցյալ տարի այն հասել է տպավորիչ արդյունքների՝ առևտրաարդյունաբերական ծավալը կազմելով 1.6 մլդ դոլար: Դա այսօրվա Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 1/3-ից ավելին է։ ՌԴ-ն մնում է ՀՀ-ի համար առաջին առևտրաներդրումային գործընկերը:
Ընդգծեցինք, որ երկկողմ առևտրի 96 տոկոսն իրականացվում է ազգային արժույթներով՝ ռուբլիով և դրամով: Մենք ողջունեցինք ՀՀ իշխանությունների ջանքերը՝ ուղղված ռուսական գործարար շրջանակների օրինական շահերի պաշտպանությանը: Բարձր ենք գնահատում ռուս-հայկական միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությունը, որը տնտեսական հարցերով է զբաղվում, աշխատում է ռիթմիկ: Հանձնաժողովի վերջին հանդիպումը եղել է Մոսկվայում»: