Ժողովրդին հոգեբանական տեռորի ենթարկելով՝ գործող իշխանությունը պարտադրում է իր հանձնողական քաղաքականությունը, պատերազմի շանտաժով ստիպում է հարմարվել վերջնական կապիտուլյացիայի մտքին։
«Սեփական ժողովրդի, սեփական հանրության, սեփական ազգի, սեփական քաղաքացիների դեմ հոգեբանական տեռորի արդյունքում գործող իշխանությունը բերել, հասցրել է այսպիսի մի դիլեմայի՝ «յուրաքանչյուրդ ձեր սեփական դրոշը կբարձրացնեք»։ Այսինքն՝ կամ կունենաք տոտալ կապիտուլյացիա՝ անհատականից մինչև պետական, կամ կունենաք պատերազմ, իսկ եթե պատերազմ, ապա՝ պարտադիր պարտություն»,- «Փոփոխվող աշխարհը և Հայաստանը» խորագրով քննարկմանն ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի Խորհրդի նախագահ, վերլուծաբան Կարեն Բեքարյանը։
Իշխանության որդեգրած այս քաղաքականությանը հավանություն տվողները, սակայն, պետք է հաշվի առնեն մի կարևոր հանգամանք՝ այդպիսով պատերազմ չեն կանխի։
«Եթե կընտրեք այդ «սպիտակ դրոշների» քաղաքականությունը, միշտ շապիկի հետևում, շալվարի մեջ, ծոցագրպանում լրացուցիչ սպիտակ դրոշներ ունեցեք, որովհետև այն, ինչը կգա որպես առաջին փուլ, ու ձեզ կթվա, թե այդ սպիտակ դրոշով ավարտեցիք «պատերազմ չբերելու առաքելությունը», իմացեք՝ չեք ավարտի դրանով, որովհետև դիմացինը շարունակությունը կուզի․․․ էնպես արեք՝ հանկարծք էդ սպիտակ լաթի պակասը չունենաք։
Իսկ կարո՞ղ է միանգամից ազգովի էդ սպիտակ լաթով փաթաթվենք ու պրծնենք»,- հեգնանքով ասաց վերլուծաբանը։