Տիգրան Տեր-Մարգարյանը չպետք է հրաժարական տա, նրա դեմ իրականացվածը ծրագրավորվել է ՌԴ դեսպանատնից՝ այստեղի 5-րդ շարասյան միջոցով. Արամ Սարգսյան


Տիգրան Տեր-Մարգարյանը չպետք է հրաժարական տա, նրա դեմ իրականացվածը ծրագրավորվել է ՌԴ դեսպանատնից՝ այստեղի 5-րդ շարասյան միջոցով. Արամ Սարգսյան
Մայիս 1 17:09 2025

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի հանդեպ իրականացվածը ՌԴ դեսպանատնից է ծրագրավորվել՝ հրահանգ իջեցնելով այստեղի 5-րդ շարասյան իրենց պարագլխին՝ ՀՀ երկրորդ նախագահին, նա էլ իր ենթակային, ենթական էլ իր ենթակային: Այս մասին լրագրող Նարեկ Կիրակոսյանին տված հարցազրույցում հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի ու աշխատակիցների կողմից ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու միջադեպին:

«Իրականում տեղի ունեցածը լավ պլանավորված, լուրջ ծրագրավորված գործընթաց է, որին, ցավոք սրտի, լրատվամիջոցները չանդրադարձան: Իսկ խնդիրը նրանում էր, որ Գյումրիի ընտրություններից հետո համապատասխան քաղաքական թևերը համարեցին, որ մարզերում խնդիրները լուծված են, իրենք մեծամասնություն են և ժամանակն է  անդրադառնալ Երևանին: Գյումրիից հետո նրանք պահանջում են Երևանում արտահերթ ընտրություններ: Այսինքն, փորձում են ամեն ինչ անել, որ Երևանի ավագանին գնա լուծարման, Երևանում լինեն արտահերթ ընտրություններ, որ Հանրապետությունում էլ լինեն արտահերթ ընտրություններ»,- նշեց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Տիգրան Տեր-Մարգարյանի հանդեպ իրականացվածը կապված է նրա Բուչա այցի հետ, ինչից հետո նա անցանկալի անձ է համարվել ՌԴ-ում: «ՌԴ դեսպանատնից է ծրագրավորվել այդ ամենը՝ հրահանգ իջեցնելով այստեղի 5-րդ շարասյան իրենց պարագլխին՝ ՀՀ երկրորդ նախագահին, նա էլ իր ենթակային, ենթական էլ իր ենթակային ու խնդիրը հասավ տվյալ հանրային գործչին, իսկ որ այդ հանրային գործիրչը տվյալ քաղաքական գծի ուղեծրում է, դրանում կասկած չկա»,- հայտարարել է նա:

Սարգսյանի խոսքով՝ երբ մարդիկ մտնում են ու պետական գույք փչացնելով ինչ-որ բան են պահանջում՝ մարդկանց նյարդերը չեն դիմանում: «Ես, իհարկե, չեմ արդարացնում նյարդերի չդիմանալը: Ինձ համար ակնհայտ էր, որ այդ ամենը սադրանք էր, որ Տիգրան Տեր-Մարգարյանը պետք է այդ սադրանքին չգնար էդ էլ եմ շատ լավ հասկանում: Իրենք ուզում էին այս արդյունքն ունենալ, մարդը գիտակցված գնացել, ասում է՝ ես եկել եմ, դե տղա ես իջի, խոսում է ոչ ընկալելի բառապաշարով ու այս առումով խնդիրները հասնում է այս կետին»,- նշել է նա:

Ինչ վերաբերում է վարչական շրջանի ղեկավարի հրաժարականի պահանջներին, Սարգսյանն ասել է, որ ո՛չ Տիգրան Տեր-Մարգարյանը, ո՛չ իրենց կուսակցությունը այս տարիներին չի պայքարել պաշտոնի համար:

«Մենք նման խնդիր չունենք, բայց նրա հրաժարականից հետո նման իրավիճակներում հայտնվելու են մնացած բոլոր չինովնիկները, որովհետև համապատասխան թևը խնդիր է լուծում՝ Երևանում հասնել իշխանափոխության, հետո Հայաստանում հասնել իշխանափոխության, իսկ այդ թևը Ռուսաստանն ու Ադրբեջանն է: Եթե մեր թիմակիցը հրաժարական տա հաջորդ օրը նույն իրավիճակը ստեղծելու են ՀՀ պետական ծառայողներից բոլորի առաջ: Եթե Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է տալիս, ստացվում է՝ իրենք հասնում են իրենց ուզածին: Ո՛չ նա չպետք է հրաժարական տա»,- ընդգծել է Սարգսյանը: