Ապրիլի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի (Նյու Ջերսի, ԱՄՆ) ավարտական լսարանի սաներին:
Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնությունն է բերել վարժարանի սաներին՝ ընդգծելով, որ ավանդույթ դարձած այցելությունները Հայաստան լավագույն հնարավորությունն են ընձեռում հաղորդ դառնալու հայրենական կյանքին, հոգևոր ժառանգությանն ու սրբություններին։ Նորին Սրբությունը վստահեցրել է, որ այցն անջնջելի դրոշմ է թողնելու պատանիների հոգում՝ զորացնելով ազգային ոգին ու գիտակցությունը։
Վեհափառ Հայրապետը աշակերտներին, մասնավորապես, պատգամել է ջանասիրությամբ շարունակել իրենց ուսումնառությունը, հասակ առնել իբրև ազգի արժանավոր զավակներ՝ ամուր պահելով կապը Մայր Եկեղեցու և հայրենիքի հետ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծապես կարևորել է սփյուռքի համայնքներում ազգային ինքնությունը զորացյալ պահելու առաքելությունը։ Այս առիթով Հայոց Հայրապետը նաև իր գնահատանքն է բերել «Հովնանյան» վարժարանի պաշտոնեությանը, մանկավարժներին նվիրյալ աշխատանքի համար, ինչպես և սաների ծնողներին՝ հայեցի կրթություն ապահովելու և եկեղեցասեր սերունդ դաստիարակելու համար։