«Անցյալի, ներկայի ու ապագայի մասին խորհող» Նիկոլը մի ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ՝ հռետորական հարց բարձրացնելով՝ ի՞նչ են մտածում դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հաճախ մանկահասակ երեխաների ձեռքերը բռնած քայլող երիտասարդ ծնողները, կամ կյանքի ավելի մեծ փորձառություն ունեցող տատիկներն ու պապիկները, որից հետո ինքն էլ տվել է իր հարցի պատասխանը. «Նրանք թերևս խորհում են երկու հարցի շուրջ՝ ինչո՞ւ Մեծ Եղեռնը տեղի ունեցավ, և ի՞նչ է պետք անել դրա կրկնությունը բացառելու համար»:
Նիկոլի «ինքնապատասխանը» ոչ լրիվ է, թերի, քանզի այսօր շատերի համար կենսական է դարձել ոչ թե այն հարցը, թե ինչո՞ւ տեղի ունեցավ Ցեղասպանությունը, այլ՝ այն, թե ինչպե՞ս պատահեց, որ մեկդարյա ողբերգական դեպքերից հետո էլ այսօր կրկին, ըստ էության, հայ ժողովդի մի զգալի հատվածը կանգնած է ցեղասպանության եզրին, ավելին՝ հենց հիմա էլ այդ ցեղասպանությունը, ըստ էության, տեղի է ունենում. Արցախի շուրջ ամիսներ ի վեր ստեղծված խայտառակ իրավիճակը հստակ ցեղասպանական գործողություն է՝ ընդդեմ արցախահայության, ինչի մասին, ի դեպ, մի քանի անգամ արդեն նախազգուշացրել է Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը:
Բայց ողբերգությունը միայն Արցախով չի սահմանափակվում. Հայաստանի վիճակը շատ քիչ է տարբերվում Արցախի վիճակից, և եթե բարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակ ստեղծվի, ապա ՀՀ սահմանների ողջ երկայնքով հսկայական քանակությամբ զինտեխնիկա կուտակած թշնամին աչքն էլ չի թարթի՝ Հայաստանից առնվազը մի քանի մարզ ուժով պոկելու: Իսկ որ նա անպայմանորեն կհաջողի մարտի դաշտում, հուշում է Պապիկյան Սուրիկի նախարար լինելու փաստը:
Հարցը՝ ինչպե՞ս պատահեց, որ ողբերգական իրադարձություններից մեկ դար անց նույն խնդրի առաջ է կանգնել հայ ժողովուրդը, ունի շատ հստակ ու իմպերատիվ պատասխան՝ Նիկոլի պատճառով. նրա վարած արկածախնդիր քաղաքականութան, նրա ծախվածության ու գեղցի շուստրիության, սրբապղծության ու մանր ստորության պատճառով է, որ այսօր կանգնած ենք առնվազը պետականության կորստի առաջ: Իսկ ինչպես հայտնի է, ցեղասպանության շատ հաճախ ենթարկվում են պետականություն չունեցող ժողովուրդները՝ զրկված լինելով իրական անվտանգային երաշխիքներից: Նիկոլի նպատակը հայերիս պետականազուրկ ժողովուրդ դարձնելն է, և վե՛րջ:
Տեսանելի ապագայում չցեղասպանվելու միակ երաշխիքը Նիկոլի հեռացումն է, որը պետք է հռչակվի համազգային նպատակ:










