«Զավեշտն այն է, որ նախաձեռնողը տղաները չեն եղել։ Ձեր նշած անձի կողմից հրապարակավ հնչել են իր դիրքին և պետական պաշտոնին ոչ հարիր գնահատականներ ու անձնական բնույթի վիրավորանքներ»,- ասաց քաղաքական գիտությունների թեկնածու, «Իմնեմինի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի եղբայր Արման Սաղաթելյանը՝ անդրադառնալով փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի ձերբակալություններին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։
Նա նշեց, որ տղաները պատասխանել են իրենց հասցեին անտեղի հնչածին, ինչին հետևել է Ալեն Սիմոնյանի՝ «վազելով գնալն ու բողոքելը»։
«Եվ դա անում է մարդ, որն իր թիկնազորի միջոցով մարդկանց վրա է թքում, մի ուժի ներկայացուցիչ, որի պարագլուխն անընդհատ օգտագործում է անպարկեշտ բառակույտ, տևական ժամանակ ամենատարբեր ուղղություններով վիրավորանքներ շռայլում»,- ասաց Ա. Սաղաթելյանը՝ նշելով, որ սա հարցի մի կողմն է։
Հարցի երկրորդ կողմը, ըստ Ա. Սաղաթելյանի. «Արդյո՞ք սա կարող ենք դիտարկել նաև որպես ճնշում։ Շատ պարզ օրինակ։ Ինչպես գիտեք «Անտիֆեյքի» գրասենյակից առգրավել են ողջ գույքը։ Ողջամիտ հարց տամ՝ տեսախցիկի շտատիվն ի՞նչ բնույթի տեղեկատվության կրիչ է, որ շտատվն առգրավում են, կամ ռեժիսորական վահանակը, որն իր մեջ կրիչ էլ չունի։ Ինչի՞ համար են դա առգրավում։ Ողջամտության տեսակետից դա բացատրություն չունի։ Միակ բացատրությունն այն է, որպեսզի ամբողջությամբ խաթարվի տվյալ լրատվամիջոցի և հարթակի աշխատանքը»։
Հարցին՝ արդյո՞ք տղաների ձերբակալությունները կապում են «Իմնեմինի» փոդքասթի ուղիղ եթերով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի հետ, Ա. Սաղաթելյանն ասաց. «Ամեն դեպքում այն, որ ջղաձգում նկատվեց ամբողջ ոհմակի մոտ, միանշանակ։ Որքանով դա զուտ իրենց ընկալումների, ուղեղի մեջ մեկը մյուսից բխեց, չգիտեմ։ Չեմ բացառում նաև դա։ Ըստ ռեակցիայի, որը եղավ, կարող ենք ենթադրել, որ որոշակի պատճառահետևանքային կապ գուցե և առկա է»։
Արման Սաղաթելյանն այս պահին գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի դատարանի բակում: Դատավոր Ռոման Սմբատյան նախագահությամբ քննվում է Վազգեն Սաղաթելյանին կալանավորելու ՔԿ միջնորդությունը։
Մանրամասն՝ տեսանյութում։










