«Ստեղծված իրավիճակում Հայաստանի խորհրդայնացումն այլընտրանք չուներ»․ Վահե Դավթյան


«Ստեղծված իրավիճակում Հայաստանի խորհրդայնացումն այլընտրանք չուներ»․ Վահե Դավթյան
Մայիս 28 19:00 2022

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի գրառումը. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ ձևավորվելով ծանրագույն պայմաններում՝ ընդամենը 12 հազ. քմ տարածքի վրա, շրջապատված թուրք-թաթարական զանգվածով, այնուամենայնիվ, ընդամենը 2 տարվա ընթացքում կարողացավ հաղթահարել սովն ու աղքատությունը՝ միաժամանակ ցուցաբերելով պետական շինարարության բարձր մշակույթ:
1. ՊԱՌԼԱՄԵՆՏԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ: Անկախության հռչակումից հետո կարևորվեց կենսունակ և գործունյա խորհրդարանի ստեղծումը, որը կներկայացներ երկրի բոլոր քաղաքական ուժերը, ինչպես նաև ազգությունները: Ստեղծվում է Հայաստանի Խորհուրդը, որն ըստ էության նախախորհրդարան էր: Վերջինիս կողմից 1919 թ. կազմակերպվում են խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում ձևավորվում է 80 պատգամավորից բաղկացած (այդ թվում՝ 3 անկուսակցական թուրք) օրենսդիրը: Ապագայում նախատեսվում էր նաև ՀՀ Նախագահի ինստիտուտի ձևավորումը:
2. ԲԱՆԱԿԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ: Եթե 1918 թ. հայկական դիվիզիայի շարքերում առկա էին 16 հազ. մարդ, ապա 1920 թ. Հայոց բանակի թվաքանակը հասնում էր 40 հազարի (ներառյալ թիկունքը): Ընդունվեց պարտադիր 2-ամյա ծառայության մասին որոշումը: Սկսվեց բանակի հայացումը, ինչի վառ դրսևվորումներից էր հայերենի որպես պետական լեզվի գործածության մեջ դնելու մասին որոշումը, այդ թվում՝ բանակում, որտեղ ծառայում էին մոտ 400 այլազգի (հիմնականում ռուսախոս) սպաներ: Սկսվեց թուրքական բանակից հայ սպաների ժամանումը և ծառայության անցնելը հայրենիքում: Բանակաշինության առանցքային նվաճումներից էր հայկական օդուժի ստեղծումը:
3. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ: Միայն 1919 թ. Հայաստանում բացվեցին մի շարք գործարաններ ու արհեստանոցներ՝ կոնյակի, սխախոտի, օճառի, կաշվի, հախճապակու և այլն: Բավական է նշել, որ արդեն 1920 թ. երկրում գործում էին 70 գործարաններ, 280 կոոպերատիվներ: Պետականացվեց Շուստովի լեգենդար գործարանը: Գործարկվեցին Կողբի ու Կաղզվանքի աղահանքերը, իսկ երկրի ընդերքը ուսումնասիրելու համար հատկացվեց 1 մլն ռուբլի:
4. ՍՈՑԻԱԼԱԿԵՆՏՐՈՆ ՏՆՏԵՍՎԱՐՄԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ: Սահմանվեց 8-ժամյա աշխատանքային օր, ստեղծվեցին արհեստակացական միություններ:
5. ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻՈՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ: Երկաթուղու երկարությունը 7 վերստից հասավ 418-ի: Բարելավվեց հանրապետության խճուղիների վիճակը:
6. ՆԱՎԱՏՈՐՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՓՈՐՁ: Ստեղծվեց Սևանա լճի նավատորմիկը, որն ուղևորների և բեռների փոխադրում էր իրականացնում: Նավատորմը համալրելու նպատակով Հայաստանում շոգենավի շինարարություն նախաձեռնվեց: Այս ամենը նպատակ էր հետապնդում կապել Սևանի բոլոր եզերքները և զարգացնել նավանգացությունը, այդ թվում՝ ռազմական նպատակներով:
7. ՊԵՏԱԿԱՆ ՖԻՍԿԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: Բյուջետային դեֆիցիտի պայմաններում շրջանառության մեջ դրվեց հայկական դրամանիշը, որը տպագրությունն իրականացվեց Լոնդոնում:
8. ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾ: Ֆինանսների նախարարությունը բրիգադներ ձևավորեց, որոնց գործառույթն էր ապրանքաշրջանառության վերահսկողություն իրականացնելը:
9. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ: 1919 թ. հիմնվեցին Երևանի ռադիոկայանն ու Հայաստանի հեռագրական գործակալությունը:
10. ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔ: 1920 թ. Երևանում համալսարան հիմնադրվեց: Նախատեսվում էր նաև բացել կոնսերվատորիա, բժշկական ու գյուղատնտեսական բուհեր, Ալեքսանդրապոլում՝ գեղարվեստի ուսումնարան, Կարսում՝ ռազմական գիմնազիա: Երկրում գործում էր 456 դպրոց: Մոկսվայից, Թիֆլիսից, Բաքվից, Պոլսից ու այլ քաղաքներից Հայաստան հրավիրվեցին մշակույթի հայ գործիչներ: Հրատարակվող պարբերականների թիվը հասավ մի քանի տասնյակի, տպարաններինը՝ 7-ի:
Հ.Գ. Ճիշտ է, հաճախ է խոսվում այն մասին, որ 1920 թ. Հայաստանի խորհրդայնացումն ապարդյուն կառավարման ու դիվանագիտական ճկունության բացակայության հետևանք էր: Ակնհայտ է, սակայն, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի խորհրդայնացումն այլընտրանք չուներ: Այդպիսինն էր աշխարհաքաղաքական կոնյունկտուրան ու ուժերի դասավորվածությունը: Ու այս առումով, ի հեճուկս որոշ թերուս մասնագետների նեղշահային մոտեցումների, խորհրդային ժամանակաշրջանը ևս պետք է դիտարկել որպես Հայոց պետականության կարևոր ու անբաժան մաս: Ինչպես գրում էր Ս. Վրացյանը, «որևէ ուրացումով կամ փաստերի խեղաթյուրումով կարելի չէ հերքել այն փաստը, որ 1920 թ. դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ ոչ թե Հայաստանի նոր պետության ստեղծումը, այլ գոյություն ունեցող հանրապետության վարչաձևի փոփոխություն. ժողովրդավարական անկախ հանրապետության տեղը հաստատվեց խորհրդային անկախ հանրապետություն… Ներկա Խորհրդային Հայաստանը շարունակությունն է Հայաստանի Հանրապետության»:

 
Աղբյուրը` Վահե Դավթյան


loading...