Պահանջում ենք, որ արցախցիների վերադարձի իրավունքը, հայ գերիների ազատ արձակումը, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանությունը դառնան բանակցությունների առաջնահերթ հարցեր


Պահանջում ենք, որ արցախցիների վերադարձի իրավունքը, հայ գերիների ազատ արձակումը, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանությունը դառնան բանակցությունների առաջնահերթ հարցեր
Նոյեմբեր 9 19:59 2026

Արցախի Հանրային խորհուրդը պաշտոնական նամակներ է հանձնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման կողմերից երկուսին՝ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանը։

Հանրային խորհրդի այսօրվա ուղերձում ասվում է․

«Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի վեցերորդ տարելիցը։ Այդ օրը դադարեցին 44-օրյա պատերազմի ռազմական գործողությունները։ Այսօր խոնարհվում ենք հանուն Արցախի իրենց կյանքը զոհաբերած մեր հայրենակիցների հիշատակի առաջ և մեր զորակցությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին։

Պատերազմից հետո շատ արցախցիներ վերադարձան տուն՝ հույս ունենալով, որ կկարողանան անվտանգ ապրել իրենց հայրենիքում։ Այնուհետև հաջորդեցին Պրահայի քառակողմ հանդիպման հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ հանձնառությունների ամրագրմամբ, Լաչինի միջանցքի շրջափակումը, 2023 թվականի սեպտեմբերի ադրբեջանական ռազմական հարձակումը և Արցախի հայ բնակչության բռնի տեղահանումը։

Վեց տարի անց դեռ հստակ պատասխան չի հնչել՝ ինչո՞ւ չկանխվեցին շրջափակումն ու հարձակումը, և ի՞նչ քայլեր են այսօր ձեռնարկվում բռնի տեղահանման հետևանքները հաղթահարելու համար։ Արցախի Հանրապետության հանրային խորհուրդը այս հարցերով դիմումներ է պատրաստել՝ ուղղված ՀՀ կառավարությանը և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությանը։

Պահանջում ենք, որ Արցախի ժողովրդի՝ հայրենիք կամավոր, անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը, Ադրբեջանում պահվող հայ գերիների ու մյուս անձանց ազատ արձակումը և Արցախի հայկական մշակութային ու հոգևոր ժառանգության պաշտպանությունը դառնան բանակցությունների առաջնահերթ հարցեր։ Ակնկալում ենք գրավոր պատասխաններ և հստակ քայլեր։

Արցախի ժողովրդի ապագայի մասին որոշումները պետք է ընդունվեն նրա ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ»։