ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում հայտարարել է, որ անընդունելի է համարում հանրապետության շահերը ռուս-ուկրաինական հակամարտությանը զոհաբերելը, և դեմ է արտահայտվել Ռուսաստանի ու Բելառուսի Միութենական պետությանը Հայաստանի անդամակցության գաղափարին։
«Ինչո՞ւ պետք է Հայաստանի Հանրապետությունը տանեմ և, կներեք, դնեմ ռուս-ուկրաինական պատերազմի զոհասեղանին։ Հանուն ինչի՞։ Ես դրա հետ համաձայն չեմ և կարծում եմ՝ այստեղ չկա որևէ մեկը, որը կհամաձայնի, որ մենք պետք է գնանք ու ինքնահրկիզվենք, որովհետև Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմում են», — ասել է Սիմոնյանը միջոցառման ժամանակ։
Նա ընդգծել է, որ Հայաստանը փոքր երկիր է, որը ստիպված է հաշվի առնել ձևավորված աշխարհաքաղաքական իրողությունները, սակայն դա չի նշանակում, որ այն պետք է հրաժարվի սեփական գոյության և անվտանգության իրավունքից։
Սիմոնյանը նաև հայտարարել է, որ դեռ հարցեր ունի ռուս գործընկերներին։
«Ես մինչև հիմա հարցեր ունեմ ռուս գործընկերներին. ինչպե՞ս ստացվեց, որ 2020 թվականին պատերազմ սկսվեց, ինչո՞ւ այն տևեց 44 օր, ինչպե՞ս ստացվեց, որ փակեցին Լաչինի միջանցքը և Ղարաբաղից մեր հայրենակիցներին դուրս մղեցին Հայաստան», — հարցեր է բարձրացրել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը։
«Ես համարում եմ, որ այն մարդը, որը մտածում է, թե Հայաստանը պետք է մտնի Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության կազմի մեջ, խայտառակություն է։ Ես այդ գաղափարի թշնամին եմ։ Նման բան չի կարող լինել», — հայտարարել է Սիմոնյանը։










