Մարդիկ խելքները գդալով չեն կերել, որ գնան ու «ալիևյան սահմանադրությանը» սատարեն. Արման Աբովյան


Մարդիկ խելքները գդալով չեն կերել, որ գնան ու «ալիևյան սահմանադրությանը» սատարեն. Արման Աբովյան
Նոյեմբեր 4 15:48 2026

«Այն գործով, որով Գագիկ Ծառուկյանին ձերբակալել են, ապօրինի պահում են անազատության մեջ, այդ ամբողջ գործընթացը պայթել է»,- ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստից առաջ լրագրողներին ասաց ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի Արման Աբովյանը։

 

Ըստ նրա, Գագիկ Ծառուկյանն այսօր պետք է ազատ արձակվի. «Գագիկ Ծառուկյանի ազատության խնդիրը ոչ միայն լոկ Գագիկ Ծառուկյանի ազատության խնդիրն է։ Դա առաջին հերթին Հայաստանի՝ որպես ժողովրդավար, իրավական առումով կայացած, կենսունակության խնդիր է։ Սա վերաբերում է բոլորին, Հայաստանի քաղաքացիներին։ Ապօրինությունը, անարդարությունը, հետապնդումը վաղ թե ուշ մտնում է բոլորի տունը՝ ուղղակի կամ անուղղակի»։ 

 

Ինչ վերաբերում է նոր Սահմանադրությանը և Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ եթե ընդդիմությունը դեմ արտահայտվի հանրաքվեին, հանրային ճնշում կսկսվի, Արամ Աբովյանն ասաց. «Հանրային ճնշումը ենթադրում է հանրության կողմից դրական վերաբերմունք այն փաստաթղթին, որը, ըստ էության, արտադրված է Ադրբեջանի կողմից։ Ավելի քան համոզված եմ, որ հանրության կողմից ոչ մի ճնշում, նույնիսկ ոչ մի նշույլ չի կարող լինել։ Մարդիկ խելքները գդալով չեն կերել, որ գնան ու ալիևյան սահմանադրությանը սատարեն։ Խնդիրն այլ է։ Դասական առումով փողոցի, հանրության ճնշում չի կարող լինել, քանի որ Հայաստանի քաղաքացիներն ուզում են ապրել Հայաստանում, ոչ թե «Արևմտյան Ադրբեջանում»»։