ՀՖՖ-ի նպատակը «Նոա» ֆուտբոլային ակումբի տնտեսական և մրցակցային հնարավորությունների սահմանափակումն է


ՀՖՖ-ի նպատակը «Նոա» ֆուտբոլային ակումբի տնտեսական և մրցակցային հնարավորությունների սահմանափակումն է
Հոկտեմբեր 23 14:39 2026

Եթե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նույն հետևողականությունը ցուցաբերեր իր իրավասության շրջանակներում գտնվող բոլոր հարցերում, հավանաբար այսօր հայկական ֆուտբոլում մի փոքր այլ իրավիճակ կունենայինք, այս մասին հայտարարությամբ է հանդես եկել  իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանը։

«Նախ՝ դատարանն ընդհանրապես չի անդրադարձել 15 լեգեոներների սահմանափակման իրավաչափությանը։ Հայցը թողնվել է առանց քննության՝ այն պատճառաբանությամբ, որ վեճը ենթակա է արբիտրաժային քննության։ Այդ որոշումը ենթակա է բողոքարկման, ինչը մենք պատրաստվում ենք անել։ Այսինքն որոշումը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել, ուստի վերջնական տոնով սխալ պնդումները նվազագույնը ոչ պրոֆեսիոնալ են։ Միայն օրինական ուժի մեջ մտնելուց հետո կարելի է խոսել սահմանափակման վերացման մասին։

Ակնկալում եմ, որ ՀՖՖ-ն նույն փութաջանությամբ հանրությանը կտեղեկացնի նաև դատական գործընթացի մյուս՝ ոչ պակաս կարևոր արդյունքի մասին։

Դատարանը մերժել է ՀՖՖ-ի՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը՝ անհիմն համարելով ներկայացված փաստարկները։

Այսինքն՝ հայցի ապահովման միջոցը շարունակում է գործել, և 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված։

Իհարկե, ես ՀՖՖ-ի օրինակին չեմ հետևի և չեմ շրջանցի այն փաստը, որ իրենք վերաքննիչ բողոք են ներկայացրել, որը դեռ պետք է քննվի։ Բայց նաև չեմ կարող չնշել, որ այդ բողոքում որևէ լուրջ և իրավաբանորեն հիմնավոր փաստարկ չկա, որը կարող է արդարացնել հայցի ապահովման միջոցի վերացումը։ Ուղղակի չկա ու վերջ: Ընթացակարգային գռեհիկ խախտումների մասին էլ լռեմ:

Ավելին՝ դատական նիստի ընթացքում ՀՖՖ-ի ներկայացուցչի ներկայացրած դիրքորոշումներն ավելի ամրապնդեցին մեր համոզմունքը, որ իրական նպատակը ոչ թե հայկական ֆուտբոլի զարգացումն է, որքան «Նոա» ֆուտբոլային ակումբի տնտեսական և մրցակցային հնարավորությունների սահմանափակումը։ Այդ մասին մարդիկ բաց տեքստով են ասել:

Իսկ սա արդեն ոչ միայն սպորտային քաղաքականության, այլև մրցակցության իրավունքի լրջագույն խնդիր է՝ հակամրցակցային համաձայնության հնարավոր հատկանիշներով։ Հետևությունները դուք արեք»,- նշված է Հովհաննիսյանի տարածած հայտարարությունում։

Նշենք, որ ՀՖՖ-ն այսօր հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ դատարանն առանց քննության է թողել «Նոա» ՖԱ-ի և ՀՖՖ Գործկոմի անդամ Աննա Օհանյանի ներկայացրած հայցադիմումներն ընդդեմ ՀՖՖ Գործկոմի որոշման:

«Դատարանի որոշմամբ՝ Հայաստանի Բարձրագույն խմբում և Առաջին լիգայում թիմերի հայտացուցակներում շարունակելու է մնալ 15 լեգեոների սահմանափակման որոշումը: Հայկական ակումբներն իրենց հայտացուցակներում չեն կարող ավելի քան 15 լեգեոներ ունենալ․ հիշեցնենք, որ «Նոա» ՖԱ-ն ցանկանում էր հանել այս արգելքը։ Դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում»,- նշել են ՀՖՖ-ից։