Գազի թանկացման դեպքում մեր տնտեսությունը պատրա՞ստ է այդ հարվածն ընդունել. Մեսրոպ Մանուկյանը՝ ԿԲ խորհրդի անդամի թեկնածուին


Գազի թանկացման դեպքում մեր տնտեսությունը պատրա՞ստ է այդ հարվածն ընդունել. Մեսրոպ Մանուկյանը՝ ԿԲ խորհրդի անդամի թեկնածուին
Հոկտեմբեր 20 15:22 2026

«Գազի թանկացման հետ կապված մեր տնտեսությունը պատրա՞ստ է այդ հարվածն ընդունել և ի՞նչ կբերի դա»,- ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս հարցը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանն ուղղեց Կենտրոնական բանկի  խորհրդի անդամի պաշտոնում ՔՊ կողմից առաջադրված թեկնածու Սևակ Միքայելյանին։

Նա նշեց, որ հունվարի 1-ից ինքնաբերաբար չի կարող գազի գինը նույնը մնալ, պետք է բանակցություններ լինեն ու հաստատվեն՝ մնում է նույն գինը, թե ոչ։Սևակ Միքայելյանն ասաց, որ կառավարության գործընկերները բյուջետավորման գործընթացում այդ ռիսկերը հաշվի են առել, որպեսզի հնարավոր բարձացումների դեպքում կլանվեն ռիսկերը։ 

«Կենտրոնական բանկի տեսանկյունից այստեղ ամենակարևորը գնաճային ճնշումներն են, ԿԲ-ն պետք է հետևի համապատասխան զարգացումներին։ ԿԲ-ի խնդիրն է սցենարային դիտարկումների ժամանակ տոկոսադրույքի վերաբերյալ որոշումներ կայացնելուց այդ սցենարը ևս դիտարկել և իր առկա գործիքակազմով այնպես անել, որ դրանք առնվազն միջնաժամկետ հատվածում գնաճի վրա չունենան այնպիսի ազդեցություններ, որպեսզի թիրախային միջակայքից շեղումներ տեղի ունենան»,- ասաց Ս.Միքայելյանը։ 

Մեսրոպ Մանուկյանն արձագանքեց. «Պոտենցիալ, եթե գազի գինը թանկանա, չի թանկանալու 10 կամ 20 տոկոսով, կարող է շատ ավելի բարձր լինի։ Մի անգամ Կենտրոնական բանկի նախագահն ասաց, որ կոլապսի դա կբերի։ Կենտրոնական բանկը պետք է բոլոր  հնարավոր սցենարներին պատրաստ լինի»։