ՀՀ կառավարական ինքնաթիռը 5 ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»


ՀՀ կառավարական ինքնաթիռը 5 ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»
Հոկտեմբեր 13 14:49 2026

ՀՀ կառավարական միակ ինքնաթիռը (Airbus A319 ACJ), որը մայիսի 6-ին տեխսպասարկման աշխատանքների իրականացման համար Երեւանից թռել էր Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա, 5 ամիս անց՝ հոկտեմբերի 9-10-ի գիշերը, վերադարձել է Հայաստան: Այս մասին գրում է «Հետք»-ը։

1998 թ. արտադրված Airbus A319 ACJ ինքնաթիռը (գրանցումը՝ «Հայաստանի Հանրապետություն 701»), որը սովորական Airbus A319-ի բիզնես դասի տարբերակն է, Հայաստանում շահագործվում է 2007-ից: Այն պատկանում է պետությանը: Մինչեւ 2018 թ. օդանավը գտնվում էր ՀՀ նախագահի աշխատակազմի հաշվեկշռում, ինչից հետո ամրացվեց Քաղավիացիայի կոմիտեին:

2007-2013 թթ. օդանավը շահագործում էր «Արմավիան», 2013-2014 թթ.՝ «Էյր Արմենիան», 2014-2023 թթ.՝ ՔԱԿ-ին ենթակա «Ավիաուսումնական կենտրոն» պետական ՓԲԸ-ն, իսկ 2023-ի սեպտեմբերից՝ «Ֆլայուան Արմենիան»:

Տեխսպասարկման նպատակով ժամանակ առ ժամանակ շարքից դուրս գալը բնական տեխնիկական գործընթաց է ավիացիայում: Բայց դժվար է հիշել, թե Հայաստանում շահագործվելիս այս պետական բորտը մեկ էլ երբ է տեխնիկական պատճառներով այսքան երկար ժամանակ բացակայել երկրից:

Օրինակ՝ 2020 թ. մայիսին ՀՀ պետական ինքնաթիռն այս նպատակով գտնվում էր Պրահայում: Նույն տարվա օգոստոսին օդանավը մեկնել էր չեխական Օստրավա, որտեղ ներկվել էր նոր գույներով: Դա պետությանն արժեցել էր մի քանի տասնյակ հազար եվրո: Կրկին տեխսպասարկման նպատակով ինքնաթիռը Պրահայում էր 2022-ի ապրիլի 14-ից մինչեւ մայիսի 20-ը: 2025-ին էլ օդանավը Պրահայում էր մայիսի 10-29-ին:

Ինչպես տեսնում ենք, այս անգամ օդանավը տեխսպասարկում է անցել ոչ թե Չեխիայում, այլ Բուլղարիայում (Հայաստանում նման աշխատանքների համար համապատասխան պայմաններ չկան):

Այս բորտի բացակայության պայմաններում բարձրաստիճան պաշտոնյաները, առաջին հերթին՝ վարչապետն ու նախագահը, օգտվում են մասնավոր փոխադրողների ծառայություններից, քանի որ Airbus A319-ը, ինչպես ասվեց, միակ պետական ինքնաթիռն է:

Այս տարի, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն օգտվել է կանոնավոր ուղեւորափոխադրումներ կատարող ավիաընկերություններից. այս պարագայում կա՛մ նրա եւ նրան ուղեկցողների համար պարզապես նստատեղեր են պատվիրվել (ի թիվս շարքային ուղեւորների), կա՛մ էլ նրա պատվիրակության կարիքների համար ամբողջ օդանավ է վարձակալվել (ինքնաթիռները վարձակալվել են հայկական «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերությունից), երրորդ դեպքում վարձակալվել է բիզնես ջեթ, որի սեփականատերը նույն «Ֆլայուան Արմենիան» է: