Ողջունում ենք COP-17-ի և ցանկացած միջազգային, հեղինակավոր համաժողովի անցկացումը Հայաստանում, որը կբարձրացնի մեր երկրի ճանաչելիությունը, կմեծացնի տուրիստական գրավչությունը: Այդ ամենը շատ լավ հասկանում ենք, բայց դա չի նշանակում, որ դրա քողի տակ չարդարացված ծախսեր պետք է արվեն: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիաննա Մանուկյանը:
«Ես երեկ ցույց տվեցի մեկ պայմանագիր, իսկ դրանք բազմաթիվ են, որտեղ, մեղմ ասած, անտրամաբանական գնումներ էին ձեռք բերվել: Երեկ, ցավոք, ժամանակս քիչ էր, այնտեղ՝ պայմանագրում, մի կետ կար, որի մասին ուզում էի խոսել: Հատուկ փաթեթավորման համար հատկացվել էր գրեթե 25,000 դրամ:
Ուզում եմ հասկանալ՝ այդ ինչ ենք փաթեթավորում ու ինչով, որ միավորի արժեքը 25,000 դրամ է, ու 400 նման փաթեթավորում: Դա դեռ բավական չէ՝ ևս 19 միլիոն էլ այդ պայմանագրով նախատեսված է չնախատեսված ծախսի համար»,-նշել է նա։










