Ֆրանսահայ օծանելիքագործ, «Francis Kurkdjian» օծանելիքի տան հիմնադիր, գործարար Ֆրանսիս Քուրքջյանին շնորհվել է Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևը՝ Պատվո լեգեոնի ասպետի կոչումը։
«Ես այս մրցանակը մեծ պատիվ եմ համարում և կիսում եմ այն բոլորի հետ, ովքեր տարիների ընթացքում ուղեկցել են ինձ», – գրել է Քուրքջյանը՝ հայտնելով պարգևի շնորհման մասին։
Ֆրանսիս Քուրքջյանն երախտագիտությունն է հայտնել Հայոց ցեղասպանությունից փրկված և հենց Ֆրանսիայում բնակություն հաստատած իր տատիկին ու պապիկին. «Այսօր ես հուզմունքով եմ հիշում իմ տատիկին ու պապիկին, ովքեր Հայոց ցեղասպանությունը վերապրելուց հետո ապաստան գտան Ֆրանսիայում: Նրանց արիությունը, անմնացորդ հավատն իրենց նոր հայրենիքի հանդեպ և ինձ փոխանցած արժեքներն առանձնակի խորհուրդ են հաղորդում այս մրցանակին»։
Ֆրանսիս Նուրհան Քուրքջյանը ծնվել է 1969 թվականին Փարիզում։ Նրա նախնիները Արևմտյան Հայաստանից են եղել և ցեղասպանության ժամանակ բռնել են գաղթի ճամփան, հայտնվել Հալեպում, այնուհետև հետագայում հաստատվել Ֆրանսիայում։ Մայրական պապը եղել է տղամարդկանց հագուստի դերձակ, իսկ հայրական պապը՝ մորթողենի վաճառական, որտեղից էլ ծագել է իրենց ազգանունը (քուրք բառից)։
Փարիզի օպերային դպրոցի քննությունն անհաջող հանձնելուց հետո նրան հետաքրքրել է օծանելիքագործությունը։ 1990 թվականին նա մեկնել է Վերսալ և ստացավ մասնագիտական կրթություն։ Փորցառություն անցնելուց հետո աստիճանաբար մասնագիտանում է։ 25 տարեկանում ստեղծել է իր առաջին աշխատանքը՝ «Le Mâle»-ը, Ժան Պոլ Գոտյեի պատվերով։
Քուրքջյանը 1999 թվականին կոսմետիկ պարագաներ արտադրող «Elizabeth Arden» ընկերության համար ստեղծել է «Green Tea» բուրմունքը, իսկ «Burberry» ընկերության համար՝«My Burberry» բուրմունքը։ Մեկ այլ մեծ հաջողություն է Narciso Rodriguez For Her օծանելիքը, որը ստեղծվել է 2003 թվականին Քրիստինա Նագելի հետ համագործակցությամբ։
Ֆրանսիս Քուրքջյանը ավելի քան հարյուր օծանելիքի և բույրերի հեղինակ է։ 2004 թվականին Քուրքջյանը վերստեղծել է Մարի Անտուանետի սիրված բույրը՝ օգտվելով 18-րդ դարի վերջին Ֆրանսիայի թագավորական արքունիքի պալատի օծանելիքագործի բանաձևերից։ «Sillage de la Reine» այդ օծանելիքը վաճառվում է միայն Վերսալի պալատում։










