«Երևի կառավարություն կա, էլի։ Սպասում ենք, հասկանանք՝ ի՞նչ անենք։ Փոխանակ գան ու մեզ մի պատասխան տան, գվարդիա են բերում վրաներս»,- լրագրողներին ասաց «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցներից մեկը։
«Մուլտի սթոունի» աշխատակիցներն այսօր կրկին բողոքի ակցիա են անում՝ պահանջելով թույլ տալ իրենց աշխատել։ Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունները, գործարանները, այդ թվում «Մուլտի սթոունը», իրավապահների կողմից կապարակնքվել են։
Նրանք նշեցին՝ բանվորն այսօր լրիվ անտեսված է։
«Մեզ պետք է մեր գործարանը բացվի, աշխատենք, թող իրենք իրենց հարցերը լուծեն, մենք իրենց հետ որևէ կապ չունենք։ Ինչո՞ւ պետք է քաղաքականության պատճառով բանվորը տուժի։
Միշտ էլ անում են ստուգումներ, բայց ստուգումներն արել, գնացել են, բանվորը չի տուժել»,- ասաց աշխատակիցներից մեկը։
«Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները հայտարարեցին, որ մնալու են այստեղ այնքան, մինչև իրենց մոտենա մարզպետարանի աշխատակազմից որևէ մեկը։ Նրանցից մեկը նշեց, որ իրենց հարցին կարող է միայն մեկ մարդ պատասխանել, բայց չեն կարող տեսնել այդ մարդուն։
«Հայաստանում ոչ թե տնտեսություն են զարգացնում, այլ քանդում են»,- ասաց «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցը։










