Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքն այսօր հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Վարդանյանը որոշել է չբողոքարկել Բաքվի դատարանի դատավճիռը։ Հիշեցնենք, որ Բաքվի դատարանը նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման։
Aysor.am-ի հետ զրույցում Ռուբեն Վարդանյանի կուսակից, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ Բաքվում ընթացող ամբողջ դատավարական գործընթացը ֆարս էր։ Նրա խոսքով՝ Վարդանյանը դատավարության ընթացքում որևէ ցուցմունք չի տվել և հանդես է եկել միայն վերջին խոսքով։
«Ի սկզբանե և՛ մեղադրանքները, և՛ ամբողջ դատավարությունը ֆանտաստիկայի ժանրից էին։ Այն վկաներն ու ցուցմունք տվողները, որոնք ներկայացվում էին, վատ բեմադրության տպավորություն էին թողնում՝ հաճախ իրար հակասող տեղեկատվությամբ։ Հետևաբար, շարունակել Ադրբեջանում դատավարական գործընթացի մաս կազմելը, որևէ արդյունքի չի հանգեցնի»,- ասաց նա։
Ըստ Առաքելյանի՝ այս փուլում առաջնայինը պետք է լինի միջազգային աշխատանքի ուժեղացումը՝ Հայաստանի իշխանությունների առաջնորդությամբ։ Սակայն, նրա կարծիքով, գործող իշխանությունների պարագայում նման առաջնորդություն չի նկատվում, իսկ որոշ դեպքերում արձանագրվում է նաև հակառակ ազդեցություն։
«Մենք, իհարկե, ցանկանում ենք մեր բոլոր հայրենակիցների վերադարձը հնարավորինս շուտ տեսնել, բայց այս իշխանության վարքագիծը գրեթե հույս չի ներշնչում։ Հայաստանի շահերը նորմալ պաշտպանող իշխանությունը միայն կարող է գերիների հարցում արդյունքի հասնել»,- նշեց նա։
Մեսրոպ Առաքելյանի համոզմամբ՝ միջազգային հանրության վրա պարզապես հույս դնելը բավարար չէ։ Հայաստանը պետք է հստակ և ակտիվ դիրքորոշում ներկայացնի՝ աշխատելով միջազգային գործընկերների հետ։ Նրա կարծիքով՝ Բաքվում ընթացած դատավարությունների նկատմամբ պաշտոնական Երևանի լռությունը վտանգավոր է, քանի որ Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե այդ անձինք գերիներ չեն, այլ՝ հանցագործներ։
«Ադրբեջանը հայտարարում է, թե իր մոտ գերիներ չկան, իսկ Հայաստանը պարտավոր է աշխարհին ներկայացնել, որ այդ մեղադրանքները կեղծ են, և այդ մարդիկ բացառապես գերեվարված են»,- ընդգծեց նա։
Առաքելյանի գնահատմամբ՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում Հայաստանի ներկայիս քաղաքականությունը հաճախ չի արտացոլում հակադարձ կամ այլընտրանքային դիրքորոշում։ Նրա խոսքով՝ Երևանը պետք է ավելի հստակ ձևակերպի և պաշտպանի իր պետական շահերը՝ թե՛ գերիների հարցում, թե՛ մյուս զգայուն ուղղություններով։










