Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպմանը հաստատել է, որ Եկեղեցին և հոգևոր դասն անշեղորեն շարունակելու են իրենց հոգեփրկչական ու ազգապահպան առաքելությունը


Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպմանը հաստատել է, որ Եկեղեցին և հոգևոր դասն անշեղորեն շարունակելու են իրենց հոգեփրկչական ու ազգապահպան առաքելությունը
Փետրվար 20 22:17 2026

Փետրվարի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց տարբեր երկրներից ժամանած Հայ Հեղափոխական Դաշնակցություն ղեկավար կազմի ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի: 

 

Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ներկաներին ազգանվեր իրագործումների առնչությամբ՝ պատգամելով շարունակել ջանքեր գործադրել հայրենիքի զորացման, ազգի զավակների արժանապատիվ ու ապահով կյանքի կերտման և մերօրյա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ։ 

 

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ազգային-եկեղեցական կյանքը հուզող խնդիրներին, իշխանության կողմից իրականացվող հակաեկեղեցական գործողություններին, ինչը խաթարում է եկեղեցականների բնականոն առաքելությունը և հավտացյալների հոգևոր կյանքը։

 

Նորին Սրբությունը հաստատեց, որ հակառակ բոլոր դժվարությունների Եկեղեցին և հոգևոր դասն անշեղորեն շարունակելու են իրենց հոգեփրկչական ու ազգապահպան առաքելությունը` ի նպաստ հայոց կյանքի պայծառության և բարօրության:

 

Պատվիրակության անդամներն իրենց զորակցությունը հայտնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Վեհափառ Հայրապետին՝ կարևորելով Հայոց Եկեղեցու դարավոր ավանդն ու առաքելությունը հայոց պետականության զորացման և ազգային ինքնության պահպանման գործում։