«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը «ՔՊ-ական մարզպետի՝ ժողովրդի հաշվին արած «բարեգործության» մասին։ Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում» վերտառությամբ ֆեյսբուքյան տեսանյութում դիմում է ՀՀ քաղաքացիներին.
«Մեր երկրի նախագահը (եթե, իհարկե, ճանաչում եք նրան), ընդունեց հրամանագիր, որ հունիսի 7-ին ԱԺ ընտրություններ են՝ հաշվի չառնելով, որ այս պրոցեսները սովորաբար լինում են 90 օր առաջ, իսկ այս անգամ՝ 120 օր առաջ է սկսում։ Այս հրամանագիրը ենթադրում է, որ բարեգործական որևէ պրոցես առհասարակ չի կարող իրագործվել»։
Նշելով, որ գործող իշխանությունները ժողովրդին հիշում են միայն նախընտրական շրջաններում՝ իրենց փուչ խոստումներով, որոնք չեն կատարել՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը տարակուսեց, որ իշխանությունները փորձում են համեմատվել Սամվել Կարապետյանի հետ, որը 30 տարուց ավել իր աշխատած սեփական գումարով եղել է մեր ժողովրդի կողքին։
«Սկսած սովորական ուսանողի վարձավճարից, մինչև եվրոպական ստանդարտներով մեծ հյուրանոց կառուցելը և մեր ժողովրդին նվիրելը»,-հիշեցրեց Ալեքսանյանը։
Շեշտելով, որ փետրվարի 7-ից բոլորի համար կանոնները նույնն են՝ թե՛ «Ուժեղ Հայաստանի», թեշ ՔՊ-ի համար՝ Ալիկ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ արդեն փետրվարի 9-ին ՔՊ-ի Սյունքի մարզպետը որոշում է կայացնում պետական բյուջեից օգնություն բաժանել։
«Ուզում եմ հասկանամ՝ էդ դուք մեր փողով մեղ օգնությո՞ւն եք տալիս՝ դա կարելի է, մեզ, մեր աշխատած փողով բարեգործություն անել չի կարելի՞, պարզաբանենք՝ հասկանանք»,- ասաց Ալեքսանյանը և հավելեց. «Էս մարդիկ ժողովրդին հիշում են միայն նախընտրական ժամանակաշրջանում, որը մենք էլ,դուք էլ վաղուց հասկացել ենք։ Էս նախընտրական ժամանակներում էլ մեր ու ձեր փողով փորձում են լավություն անել։ Ժողովուրդ ջա, ձեզ հավաստիացնում եմ, էս ամեն ինչի վերջն արդեն եկել է, շատ շուտով մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան, շատ շուտով ունենալու ենք ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան, ով տեր է լինելու պետական բյուջե մտնող ամեն մի լումային, լավացնելու է մեր ժողովրդի ապրուստը, ունենալու ենք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն»։










