Էլի կան պետություններ, որոնցից դեռ եզրակացություներ սպասում ենք, բայց 3-ը, կարծում եմ, բավարար էր, որպեսզի մենք հնարավորություն ունենայինք դրա մասին խոսելու, լրագրողների հետ զրույցում ասաց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը։
Նա նշեց, որ երբ հայտարարել է, որ 3 երկրից արդեն փորձաքննության արդյունքներ կան, իր համար շատ զարմանալի, ՔԿ-ն հայտարարություն է արել՝ նշելով, թե քրեադատավարական շրջանակներից դուրս իրականացված փորձաքննություններն ապացուցողական բնույթի նշանակություն չունեն.
«Հլը մի բան էլ հայտարարում էին, թե իրենց կողմից արված փորձաքննության մեջ հաստատվել է, որ տեսանյութում Արշակ Սրբազանն է։ Զարմանալի է, որ ՔԿ-ն չգիտի, որ փաստաբանը կարող է փորձաքննություն նշանակել։ Այստեղ հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ կապ ունի քրեադտավարական օրենսգիրքը և վարույթը մեր կողմից նշանակված փորձաքննության հետ։ Որևէ առնչություն չունի։ Մենք որևէ դեպքում քրեական դատավարության շրջանակներում ոչինչ ապացուցելու ցանկություն ու անհրաժեշտություն չունենք այս գործով։ Մենք այս փորձաքննությունները չենք իրականացրել, որ որևէ քրեադատավարական գործում որպես ապացույց ներկայացնենք։ Իրականացվող վարույթի շրջանակներում Արշակ Սրբազանը, թեև, ունի վկայի կարգավիճակ, բայց փաստացի տուժողի կարգավիճակ ունի»։
Բաբայանը նաև անդրադարձավ նրան, թե ինչու է, օրինակ, Արշակ Սրբազանը վկայի կարգավիճակում, այլ ոչ թե՝ տուժողի. «Առաջարկվել էր, որ Սրբազանը հանդես գա տուժողի կարգավիճակով՝ այն հոդվածով, որով հիմա անցկացվում է քրեադատավարությունը, մասնավորապես, անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիքը խախտելու հոդվածով իրականացվող վարույթով։ Արշակ Սրբազանը հենց առաջին օրը հայտարարեց, որ ինքն առնչություն չունի այդ տեսանյութում պատկերված իրողությունների հետ, հետևաբար, ինքը չէր կարող տուժել՝ իր անձնական կամ ընտանեկան գաղտնիքի ռեժիմը խախտելուց։ Եթե ինքը չէ, ապա իր անձնական գաղտնիքը որևէ մեկը չի խախտել։ Բայց մի այլ բան հայտարարվեց, որ ինչ-որ մարդիկ այդ կեղծ տեսանյութերը տարածելով՝ փորձել են ատելություն սերմանել Արշակ Սրբազանի նկատմամբ և, հետևաբար, գործի քննությունը պետք է տարվի այդ ուղղությամբ, հայտնաբերվեն այն անձինք, որոնք իրականացրել են այդ կեղծիքը, հետո նաև դրա տարածումը»։










