«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին». բողոքի ակցիա ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ


«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին». բողոքի ակցիա ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ
Փետրվար 18 20:23 2026

Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին է փոխանցել բողոք-նամակ։ Նա հայտարարել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը չի կարող համարվել ավարտված։

 

Սուրենյանցը շեշտել է, որ վտանգավոր է «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի շրջանառությունը, ինչպես նաև անընդունելի են ՀՀ տարածքների օկուպացիան, Բաքվում պահվող հայերի խնդիրը և դենացիֆիկացիայի ու դեմիլիտարիզացիայի պահանջները։

 

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը, որով հայ ռազմագերիները ներկայացվում են որպես նացիստներից ավելի վտանգավոր, փաստացի քաղաքական գնահատական է ամբողջ պետությանը։

 

«Այս տրամաբանությունը չի տանում հավասարության։ Այն տանում է պարտադրանքի»,- նշել է Սուրենյանցը՝ հավելելով, որ պատրաստ է շարունակել թեմայի բարձրաձայնումը՝ անկախ հնարավոր արձագանքներից։

 

Ակցիայի մասնակիցները հանդես էին գալիս կոշտ կոչերով։ Նրանց պաստառների վրա գրված էր՝ «Ձեռքերը հեռու Հայաստանից», «Կանգնեցրեք Հայաստանի գրավումը», «Մեր հայրենիքը ողողված է արյան կաթիլների մեջ»։

 

44-օրյա պատերազմից հետո «Արևմտյան Ադրբեջանի» թեզը դարձել է Բաքվի քաղաքական օրակարգի մաս։ Միաժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 11-ին Գերմանիայում առաջարկել էր մշակել համատեղ ճանապարհային քարտեզ և փակել փոխադարձ զգայուն թեմաները։