Մինչև 2019-ի հունվարի 1 ծնված 3-րդ և հաջորդ երեխայի համար ոչինչ չի փոխվել․ Արցախի տեղեկատվական շտաբ


Մինչև 2019-ի հունվարի 1 ծնված 3-րդ և հաջորդ երեխայի համար ոչինչ չի փոխվել․ Արցախի տեղեկատվական շտաբ
Փետրվար 18 16:39 2026

Արցախի տեղեկատվական շտաբը ի պատասխան ծնելիության և բազմազավակության խթանման ծրագրի վերաբերյալ բազմիցս բարձրացված հարցերի՝ հայտարարություն է տարածել․

«Արցախի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող պետական նպաստների, ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների ծրագրով, մինչև 2019 թվականի հունվարի 1-ը ծնված յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխային հասանելիք գումարը, որպես ավանդ ներդրված էր «Արցախբանկ» ՓԲԸ-ում, և մինչև երեխայի 18 տարին լրանալը բանկը վճարում է ավանդի տոկոսները: Ծրագրում կատարված փոփոխությունների համաձայն 2019 թվականի հունվարի 1-ից հետո ծնված յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխային հասանելիք գումարի վճարման պարտավորությունը ստանձնել էր Արցախի Հանրապետությունը: Տարբերակված մոտեցումից խուսափելու համար պետության կողմից 2019 թվականի հունվարի 1-ից հետո ծնված շահառուների համար ավանդի տոկոսների չափով սահմանվել է նպաստ:

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության հայաթափման հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության կողմից սառեցվել են Արցախի Հանրապետության անունով բացված բոլոր բանկային հաշիվները: Բյուջեի և ֆինանսական միջոցների բացակայության պատճառով Արցախի Հանրապետությունը զրկվել է իր ստանձնած պարտավորությունները կատարելու հնարավորությունից:

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը ծնված յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխայի համար որևէ բան չի փոխվել՝ ավանդը ներդրված է բանկում, ստանում է ավանդի տոկոսները, իսկ 2019 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաները զրկված են ավանդ ունենալու և նպաստ ստանալու հնարավորությունից:

Արցախահայերի բռնի տեղահանությունից անմիջապես հետո խնդիրը բանավոր և գրավոր բազմիցս ներկայացվել է ՀՀ կառավարությանը, սակայն մինչև օրս որևէ արձագանք չկա խնդրի լուծման և առաջացած սոցիալական անհավասարության հաղթահարման գործում»: