Մեծ Պահքի երկրորդ օրը մեզ ուղղում է մի լուռ հարց՝ արդյո՞ք ես հավատում եմ, որ կարող եմ փոխվել, թե արդեն դատապարտել եմ ինձ իմ անցյալով. Տեր Հեթում


Մեծ Պահքի երկրորդ օրը մեզ ուղղում է մի լուռ հարց՝ արդյո՞ք ես հավատում եմ, որ կարող եմ փոխվել, թե արդեն դատապարտել եմ ինձ իմ անցյալով. Տեր Հեթում
Փետրվար 17 17:38 2026

Այսօր Մեծ Պահքի երկրորդ օրն է, և մեր խորհրդածության հիմքում դրված է Եզեկիելի մարգարեության խիստ ու միաժամանակ մխիթարական խոսքը. «Մեղանչող հոգին նա՛ է, որ պիտի մեռնի… որդին հոր անօրինությունը չի կրի, և հայրը որդու անօրինությունը չի կրի» (Եզեկ. 18․20), գրել է Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը։

 

Տեր Հայրը նշել է՝ այս խոսքը կրում է մի հին ու շատ մարդկային մտածողություն՝ թե մենք դատապարտված ենք ուրիշների մեղքերի պատճառով։

 

«Մարգարեն հայտարարում է հոգևոր ազատության մեծ ճշմարտությունը. մարդը պատասխանատու է իր սեփական կյանքի համար։ Ոչ անցյալը, ոչ ժառանգականությունը, ոչ հասարակությունը չեն կարող վերջնականապես որոշել մարդու ճակատագիրը, եթե նա ընտրում է ապրել արդարությամբ։ Փիլիսոփայորեն սա անձի արժանապատվության բարձրագույն արտահայտությունն է. մարդը միայն պատճառների արդյունք չէ, այլ ազատ ընտրության։

 

Սակայն մարգարեի խոսքը միայն պատասխանատվության մասին չէ, այլ նաև հույսի։

 

«Մի՞թե ես հաճույք եմ ստանում մեղավորի մահվանից, – ասում է Տերը, – և ոչ թե նրանից, որ նա դարձի գա իր ճանապարհից և ապրի» (Եզեկ. 18․23)։

 

Այստեղ բացվում է Աստծո սրտի խորքը։ Նա արդար դատավոր է, բայց նախ և առաջ՝ կյանք պարգևող Հայր։ Նրա նպատակն է ոչ թե պատժել մարդուն, այլ վերադարձնել նրան կյանքի ուղուն։ Աստված չի ուրախանում մահվան վրա, Նա ուրախանում է փոխակերպման վրա։

 

Աստվածաբանական տեսանկյունից սա կարևոր շրջադարձ է. արդարությունը այլևս միայն օրենք չէ, այլ հարաբերություն։ Աստծո արդարությունը մեխանիկական հաշվարկ չէ, այլ կենդանի հանդիպում մարդու կամքի հետ։ Մարդը կարող է փոխվել, և այդ փոփոխությունն ինքնին դառնում է ճշմարտություն։ Այստեղ ճակատագիրը զիջում է տեղը դարձին, իսկ անփոփոխությունը՝ շարժմանը։

 

Մեծ Պահքի այս երկրորդ օրը մեզ ուղղում է մի լուռ հարց. Իմ կյանքում արդյո՞ք ես ինձ արդարացնում եմ ուրիշների մեղքերով, թե ընդունում եմ իմ անձնական պատասխանատվությունը։ Արդյո՞ք ես հավատում եմ, որ կարող եմ փոխվել, թե արդեն դատապարտել եմ ինձ իմ անցյալով։

 

Եզեկիելի խոսքը մեզ սովորեցնում է, որ ապաշխարությունը ոչ թե մահվան ճանապարհ է, այլ կյանքի։ Պահքը դառնում է ոչ միայն հրաժարում, այլ վերադարձ՝ դեպի ինքներս մեզ, դեպի Աստված, դեպի իսկական մարդը մեր ներսում։

 

Եվ երբ մարդը համարձակվում է դարձի գալ, Աստված չի ասում՝ «ուշ է», այլ ասում է՝ «ապրի՛ր»»,- նշել է Տեր Հեթումը։