Եթե իրավիճակը չկարգավորվի, բժիշկների արտագաղթը կարող է նոր թափ ստանալ․ Անուշ Պողոսյան


Եթե իրավիճակը չկարգավորվի, բժիշկների արտագաղթը կարող է նոր թափ ստանալ․ Անուշ Պողոսյան
Փետրվար 16 23:23 2026

«Վերջին շրջանում առողջապահական համակարգում իրականացվող փոփոխությունները ավելի են սրել արդեն իսկ գոյություն ունեցող խնդիրները։ Տարածքային համաչափ զարգացման բացակայության պատճառով մարդիկ ստիպված են իրենց բնակավայրերից մինչև 300 կմ ճանապարհ կտրել, անցնել, գալ Երևան՝ անհրաժեշտ բժշկական ծառայություն ստանալու համար։ Արդյունքում մայրաքաղաքի հիվանդանոցները գերծանրաբեռնված են»,- «Պարտադիր առողջության ապահովագրություն Հայաստանում․ ռիսկերն ու չլուծված հարցերը» թեմայով քննարկմանն ասաց  «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ  նախագահ, առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը։

Նրա դիտարկմամբ՝ ապահովագրական համակարգի ներդրումը, որը ներկայացվում էր որպես ոլորտի արմատական բարեփոխում, իրականացվել է առանց բավարար նախապատրաստական աշխատանքի։

«Բուժաշխատողները չեն անցել լիարժեք վերապատրաստումներ, չեն ստացել հստակ ուղեցույցներ և հաճախ չեն հասկանում, թե ինչ սկզբունքներով պետք է գործեն նոր պայմաններում։ Այս իրավիճակում համակարգը մեկնարկել է առանց մարդկանց պատշաճ պատրաստվածության։ Բազմաթիվ խնդիրների ենք այժ բախվում՝ հերթագրումները կարող են հասնել մինչև 6 ամիս, սահմանվել է անվճար շտապօգնության կանչերի քանակական սահմանափակում։ Հայաստանում շտապօգնության  առաջնային օղակի սահմանափակումները քաղաքացիներին թողնում են փաստացի անորոշության մեջ։ Բուժաշխատողները ևս հայտնվել են բարդ իրավիճակում։ Նրանք աշխատում են ավելացած ծանրաբեռնվածությամբ, մեծ հաշվետվողական բեռի տակ, մշտական ստուգումների և տուգանքների ռիսկով, սակայն առանց համարժեք վարձատրության և սոցիալական երաշխիքների։ Սա ոչ միայն սոցիալական անարդարության դրսևորում է, այլ նաև լուրջ վտանգ՝ բժշկական ռեսուրսների կորստի տեսանկյունից։ Եթե իրավիճակը չկարգավորվի, բժիշկների արտագաղթը, որը հատկապես անցած  տարի արդեն իսկ  աճել է, կարող է նոր թափ ստանալ»։