Չի բացառվում, որ Հայաստանում արտադրված անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) առաջիկայում նախատեսվեն արտահանման։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ 2025 թվականը շրջադարձային է ռազմարդյունաբերության համար․ տեղական ընկերությունները, պետական շուրջ 172 մլրդ դրամ պատվերների շնորհիվ մեծացնելով արտադրական հզորությունները, արդեն կարողացել են դուրս գալ միջազգային շուկաներ և հաստատել գործընկերային կապեր։
«Բոլոր քաղաքական ու տնտեսական ռիսկերը գնահատվել են, և միայն դրանից հետո են տրվել արտահանման թույլտվությունները։ Ռազմարդյունաբերությունը լինելու է ՀՀ արտահանման կարևոր ուղղություններից մեկը»,– նշեց նախարարը։
Հայրապետյանը հիշեցրեց, որ հայկական ռազմարդյունաբերական ընկերությունները առաջին անգամ հենց 2025 թվականին են ստացել ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա՝ հավելելով, որ մանրամասներ չի հրապարակում տեղեկատվության զգայուն լինելու պատճառով։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ից ԱԹՍ ձեռք բերելուն, նախարարը պարզաբանեց, որ հայկական ընկերությունները այդ տեսակի սարքեր դեռ չեն արտադրում, ուստի ներմուծումը տեխնոլոգիական անհրաժեշտություն է եղել։










