Փոփոխություններ տեսնում ենք, մարդիկ հակված են երկխոսության. Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչներն ամփոփում են ադրբեջանցիների հետ հանդիպումը


Փոփոխություններ տեսնում ենք, մարդիկ հակված են երկխոսության. Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչներն ամփոփում են ադրբեջանցիների հետ հանդիպումը
Փետրվար 16 13:49 2026

«Մենք այլևս կարող ենք խոսել ձևավորված ֆորմատի մասին, այլ ոչ թե մեկանգամյա, երկուանգամյա որևէ նախաձեռնության մասին։ Սա իր  կանոնները, ավանդույթներն ունեցող ֆորմատ է, որը շարունակվելու է»,- ասուլիսում ասաց «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ազգային համակարգող, «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը՝ անդրադառնալով Հայաստանում նախաձեռնության շրջանակում կայացած Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Նա որպես կարևոր փաստ նշեց, որ ֆորմատի ընդլայնում կա, ամեն կողմից մասնակցել է 20 հոգի՝ նախկինում 5 հոգու փոխարեն։

«Կողմերը  բացի բուն այս հանդիպումներից, բավականին լուրջ տնային աշխատանք են անում։ Երկու երկրներում  համապատասխան պատվիրակությունները հանդիպումներ են կազմակերպում այդ երկրների քաղհասարակության ներկայացուցիչների, մեդիայի, փորձագիտական համայնքի, քաղաքացիների հետ։ Բոլոր ուղղություններով նախաձեռնություններն աշխատում են հնարավորինս  ընդգրկուն միջավայր ձևավորելու համար։

Նախաձեռնությունները պայմանավորվել են համատեղ պրոեկտների մասին, գրում ենք համատեղ հոդվածներ, առաջինն առաջիկա օրերում կտեսնեք, համատեղ հետազոտություններ»,- ասաց Ա. Քոչինյանը։

Նա ընդգծեց ու կրկին շատ կարևորեց փաստը, որ միջոցառումները տեղի են ունենում երկու երկրների  կառավարությունների անմիջական աջակցությամբ, այդ թվում նաև ֆինանասական։ 

«Շատ հաճախ տեսնում ենք քննադատություն, որ դուք  ի՞նչ է, փորձում եք անցյալը ջնջե՞լ, մեր ցավը մոռանա՞լ, խմբագրե՞լ և այլ... Կարևոր եմ համարում արձանագրել մի բան՝  որևէ պահի մենք մեր առջև  նպատակ չենք դրել մոռացության մատնել մեր պատմությունը, տարաձայնությունները, ցավը, որը մեր հասարակությունում, իրենց հասարակությունում կա։ Դա չէ այս ֆորմատի նպատակը, այս ֆորմատի նպատակն այդ ամբողջ բեռին զուգահեռ, որ ձևավորվել է  վերջին տասնամյակներում Հայաստանի և Ադրբեջանի միջև, փորձել ձևավորել նաև խաղաղության օրակարգը  սպասարկող նախագծեր, քննակումներ, ձևավորել դրական թղթապանակ, միաժամանակ փորձելով աջակցել առկա խնդիրների լուծմանը ինչ-ինչ գաղափարներ առաջարկելով»,- ասաց նա

Ասուլիսին ներկա «Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ Նարեկ Մինասյանն ասաց, որ թե հայկական կողմի համար, թե ադրբեջանցի մասնակիցների, ստեղծված իրավիճակը դիտարկվում է որպես հնարավորության պատուհան։

«Մենք վստահ ենք, որ խաղաղության  գործընթացի համատեքստում այսօր ունենք ևս մեկ հնարավորության պատուհան, որը չպետք է բաց թողնել։ Արդյո՞ք կան երաշխիքներ, որ այս նախաձեռնությունը հաջողելու է։ Ոչ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ գործընթացը մեզանից չէ միայն կախված. կան ներքին, արտաքին տարբեր գործոնները։ Բայց թողնել ևս մեկ հնարավարություն պատուհանը, սխալ կլինի»,- նշեց նա։

Միաժամանակ Ն. Մինասյանն ասաց, որ քննարկումների ժամանակ խոսքը չի գնում բարեկամանալու,  ցավն ու անցյալը մոռանալու մասին։

«Խոսքը գնում է  երկխոսության կամուրջներ կառուցելու և ապագայի հետ կապված տարբեր գաղափարների վերաբերյալ։ Մեր խնդիրն է՝ որքան էլ ծանր է անցյալի ժառանգությունը, փորձենք  գտնել ընդհանուր կետեր, որոնց հիման վրա կարող ենք առաջ շարժվել, խաղաղության գործընթացը դարձնենք անշրջելի»,- նշեց նա։

Ա. Քոչինյանն անդրադառնալով Ադրբեջանից հնչող հայտարարություններին, նա նշեց. «Օրինակի համար, համեմատել Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հիմա և երկու տարի առաջ։ Մեծ տարբերություններ կան, ընդհանրապես, հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում անցնող երկու տարիների մեջ շատ մեծ տարբերություն կա։

Խոսում ենք այն մասին, որ բավականաչափ տեմպով չի գնում խաղաղության օրակարգն առաջ և հայտարարությունները մեզ դուրս չեն գալիս։ Համաձայն եմ, պետք է շարունակենք աշխատել, բայց հերքել փոփոխությունները, սխալ է»։ 

Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանն ասաց, որ անգամ այս ամիսների ընթացքում փոփոխություններ տեսնում ենք Հայաստանում, Ադրբեջանում, մարդիկ հակված են երկխոսության։ 

«Որքան էլ կարևորում ենք միջազգային հանրության դերակատարությունը, որքան էլ փնտրում ենք  աջակիցներ, դաշնակիցներ, ի վերջո խնդիրը լուծվում է  այն ժամանակ, երբ որ երկու երկրները կարողանում են իրար հետ ընդհանուր հայտարարի գալ»,- նշեց նա։