Արշակ Սրբազանի հետ տեղի ունեցածն ու նրա նկատմամբ իրականացված հետապնդումները ոչ միայն օրենքի և զրպարտության հետ խնդիր ունեն, այլ, մեծ առումով, խոշտանգում են, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Երեք երկրներում տեղի ունեցած փորձաքննությունների արդյունքները, որոնք կապված էին Սրբազանին վերագրվող տեսանյութի հետ, հիմնավորել են իշխանության քայլերի սնանկությունն ու կեղծիքը։
Սա դասական օրինակ է, թե ինչ մեթոդներով ու գործելաոճով է շարժվում ռեժիմը՝ մարդկանց վարկաբեկելու և շարքից հանելու նպատակով»,- նշել է նա։
Հիշեցնենք՝ փաստաբան Արսեն Բաբայանը ստացել է դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իր կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ Սրբազանին վերագրվող հայտնի տեսագրությունների իսկության պարզման նպատակով։
Երեք տարբեր պետություններից ստացված փորձագիտական եզրակացությունները հաստատում են Սրբազանի այն պնդումը, որ նա որևէ առնչություն չունի տեսագրությունների բովանդակության հետ։










