Տեր Դերենիկ աբեղա Սահակյանը պատմությունից հիշեցում է արել ու ընդգծել՝ պատահական չէ ասված. «Պատմությունը կրկնվելու հատկություն ունի», և մեր այսօրվա իրականությունն էլ դրա վառ վկայությունն է։
«100 տարի առաջ մեր եկեղեցում նույն իրականությունն էր։
Դեռևս 1920 թ. Հայաստանի խորհրդայնացման առաջին իսկ օրից սկսվեցին եկեղեցու դեմ հալածանքները, և որին զոհ գնացին 200 և ավելի հոգևորականներ, ու ողջ Հայաստանով մեկ փակվեցին կամ քանդվեցին եկեղեցիներ։
Ահա այդ ընթացքում՝ 1924 թ.-ից էլ սկիզբ առավ այսպես կոչված «Եկեղեցու բարենորոգչական շարժում»-ը, որի անդամներն էին եկեղեցու դեմ դուրս եկած հոգևորականները, որոնք և հովանավորվում էին խորհրդային իշխանության կողմից (դե պատճառը հայտնի է, թե ինչու աթեիստ իշխանությունը պետք է աջակցեր հոգևորականներին, որոնք դուրս էին ելել եկեղեցու դեմ)։
Շարժումն անվանվեց «Ազատ եկեղեցի», որն իր «բարենորոգչական» չարագործությունը ծավալեց մինչև 1926 թ.։ Այդ ընթացքում ստեղծեցին ամսագիր, տպագրվեցին «բարենորոգչական» ծրագրային հակաեկեղեցական լոզունգներ ու հոդվածներ, իրենց կողմից բռնազավթվեցին եկեղեցիներ և այսպես շարունակ...
Սակայն շարժումը երկար չապրեց... Հակառակ պետության կողմից իրենց տրված լիազորություններին ու բացառիկ իրավունքներին՝ հետզհետե թուլացավ, կորցրեց իմաստը, և 1927 թ. այդ շարժման կարկառուն ներկայացուցիչ, կարգալույծ եղած Աբել վարդապետն ահա այսպիսի «մեղայագիր» նամակ գրեց Վշտալի Կաթողիկոս Գևորգ Ե-ին (1910-1930 թթ.)։
«...Զգացի, որ սխալվել եմ...
Հայտնում եմ Ձերդ Վեհափառությանը, որ հետ եմ վերցնում ու չեղյալ հայտարարում 1924/25 թվականներին Երևանում իմ անունով լույս տեսած բոլոր հակաեկեղեցական գրքույկներն ու հոդվածները: Հայոց Եկեղեցու, Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռի և նրա հարակից հիմնարկությունների մասին ունեցած իմ կարծիքներն ու զգացմունքները հիշյալ հրատարակությունների մեջ չեն, որ իրենց հարազատ արտահայտություններն են գտել, այլ դրանցից առաջ արտասահմանում գերմաներեն, անգլերեն ու հայերեն լեզուներով լույս ընծայած իմ աշխատությունների մեջ...»։
Ազատ եկեղեցական շարժման նախկին անդամ՝
Կարգաթող Աբել վարդապետ,
10 փետրվարի, 1927 թ. Փարիզ/Ֆրանսիա
Հ. Գ. Ի դեպ, Գևորգյան Հոգևոր Ճեմարանի 2011 թ. ավարտական մագիստրոսական թեզս եղել է «Հայ Եկեղեցու հալածանքները Համայնավարության առաջին տասնամյակներին (1920-1940-ական թթ.)»։
Երբ ուսումնասիրում էի արխիվներն ու գրքերը, խորը ցավ ու կսկիծ էի ապրում, որ նման սև էջ է եղել Հայոց Եկեղեցու կյանքում, բայց արի ու տես, որ ականատեսն էլ պիտի լինեի...
Երանի՜ սա մնար միայն պատմության տխուր ու սև անցյալում,
և երանի մեղայագրերով ու զղջումներով սրբագրվեր ու մաքրագրվեր մեր հայոց կյանքը...»,- նշել է Հայր Սուրբը։










