«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնությունը հայտարարություն է արել․
«Ադրբեջանում քրիստոնյա հայ գերիների ու պատանդների, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարների վերաբերյալ «դատավճիռները» ոչ միայն այս մարդկանց կյանքին ու արժանապատվությանն են վերաբերում, այլ անվտանգության, հայ ժողովրդի արժանապատվության ու Հայաստանի ապագայի հարցեր են՝ հենց նույն խաղաղության համատեքստում:
Այս վտանգավոր զարգացումը նշանակում է, որ ապագայում հայ ցանկացած գործչի, ցանկացած քաղաքացու կարող են կեղծ «դատավարություններով» ազատազրկել։ Այս «դատավարություններով» Ադրբեջանը Հայաստանին ներկայացնում է որպես «ագրեսոր պետություն», հայերին՝ «թշնամանք տարածող ժողովուրդ, որը խաղաղ ապրել չգիտի», հայը ներկայացվում է որպես «ահաբեկիչ ու ցեղասպան»։
Բանակցություններն իրական քայլ են` ի տարբերություն գրկախառնությունների:
Պատասխանատու և հայրենասեր կառավարությունն ամեն ինչ կաներ, որ այս ողջ «դատական ֆարսը», իսկ իրականում՝ հակահայկական գործողությունները, տեղի չունենային։ Ամբողջ աշխարհին մանրամասն ցույց կտար, որ դրանք շինծու են, ապացուցում են, որ Ադրբեջանը չունի խաղաղության մտադրություններ և այդ շինծու դատավարություններով նպատակ է հետապնդում ստեղծել Հայաստանի նկատմամբ ագրեսիայի ու ճնշման նոր հիմքեր։ Զուգահեռ, միջազգային օրակարգի և խաղաղության օրակարգի մաս կդարձներ ադրբեջանական օկուպացիայից Հայաստանն ազատելու, արցախահայության վերադարձի իրավունքի հարցերը։ Խաղաղությունը չի կարող անջատ լինել արդարությունից։ Չի կարող հռչակվել «խաղաղություն», իսկ Բաքվում հայ գերիները ցմահ ազատազրկման ենթարկվեն։
Դա պետք էր անել հայաստանյան ու միջազգային հասարակական կազմակերպությունների, փաստաբանների, միջազգային միջկառավարական կառույցների հետ համագործակցությամբ, հնարավորինս շատ պետություններ կներգրավեի, ակտիվորեն կօգտագործեի կրոնական մարդու իրավունքների ու ցանկացած այլ հարթակ։ Ամեն ինչ պետք է արվեր, որ կատարման հասցվեին Հայաստանի օգտին կայացված միջազգային դատական ակտերը, և պատասխանատվության ենթարկվեին այն անձինք, որոնք իրական հանցանք են գործել մեր հայրենակիցների նկատմամբ։
Պետք էր ամեն ինչ անել թույլ չտալու համար ադրբեջանական իշխանությանը մաքրվել Հայաստանի ու Արցախի նկատմամբ պատերազմական հանցանքներից, էթնիկ զտումների մեղքից։ Առավել ևս, երբ Ադրբեջանը ոչ միայն չի զղջացել իր արարքների համար, այլ նոր զավթողական ծրագրեր է առաջ քաշել մեր պետության դեմ։
Հայաստանի ներկայիս իշխանությունը միայն օգնում է Ադրբեջանին մաքրվել հանցանքներից, «սպիտակ» ներկայանալ աշխարհին, բայց իրականում Ադրբեջանը շարունակում է թշնամանքն ու զինվելը։
Հայ ժողովուրդը խաղաղասեր ժողովուրդ է, բայց այդ խաղաղությունը չի կարող լինել ձևական, այն ենթադրում է իրական քայլեր, իսկ մենք ունենք լծակներ՝ իրական քայլերի հասնելու համար։ Այդ ճանապարհին առաջին քայլը մեր գերիների ու պատանդների ազատ արձակումն է, հետագայում գերության ու նման շինծու դատավարությունների բացառումը»:










