Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեց եպիսկոպոսներ և մեկ քահանա մեղադրյալի կարգավիճակում են հայտնվել. նրանք մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, որով պահանջվում է, որ Արման Սարոյանը վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։
Շաբաթ օրը Քննչական կոմիտե էին հրավիրվել Մակար, Հովնան, Նաթան, Հայկազուն, Մուշեղ և Վահան Արբազանները, ինչպես նաև Տեր Մովսեսը։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Ըստ էության, այս քայլով իշխանությունը փորձում է խոչընդոտել Եպիսկոպոսաց ժողովի կայացմանը, որը պետք է տեղի ունենա Ավստրիայում՝ փետրվարի 16-ից 19-ը։
Հովնան Սրբազանն օրեր առաջ Aysor.am-ի հետ զրույցում ասել էր՝ զարմացած չէ, որ իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի եպիսկոպոսներին թույլ չտան մեկնել Հայաստանից. «Հանցագործ են, ի՞նչ եք ուզում»։
Շաբաթ օրվանից Գուգարաց թեմի հավատավոր ժողովուրդն իրենց աջակցությունն են հայտնում թեմի առաջնորդին՝ Հովնան Սրբազանին։
Գուգարաց թեմի Երիտասարդաց միության անդամ Սմբատ Պողոսյանը հայտարարել է՝ այն, ինչ կատարվում է այսօր Հայ առաքելական սուրբ եկեղեցու շուրջ, չի կարող անտարբեր թողնել ոչ մի հավատացյալի։
Պողոսյանը, ով հոգևոր ծառայություն է իրականացնում թեմում, նշել է՝ Հովնան Սրբազանը տարիներ շարունակ իր ամբողջ ծառայությունն իրականացրել է Քրիստոսի անունով և Քրիստոսի համար։
«Նրա կյանքն ու գործը եղել են կենդանի վկայություն այն խոսքի, որը ասում է Սուրբ Գիրքը․ «Երանելի եք, երբ ձեզ նախատեն ու հալածեն Իմ անվան համար» (Մատթ. 5։11)։ Գուգարաց թեմում նրա առաջնորդությամբ եկեղեցիները ոչ միայն քարով են կանգնել, այլև՝ հոգով։ Երիտասարդները վերադարձել են եկեղեցի, համայնքները՝ միավորվել, կարիքավորները՝ մխիթարվել, հավատքը՝ զորացել։ Սա պատահական ճանապարհ չէ․ սա ծառայության ճանապարհ է»,- նշել է նա։
Սրբազան Հորն իր որդիական խոնարհություն է հայտնել «Երջանիկ տարեցներ գիտամշակութային միության» նախագահ, գրող-հրապարակախոս Աշոտ Դալլաքյանը։
Նա նշել է, որ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը երկար տարիներ եղել և մնում է նվիրված իր առաքելությանը թե՛ հոգևոր դաստիարակության, թե՛ ազգային արժեքների պահպանման, թե՛ իր խնամքի տակ գտնվող թեմի ամրացման ու զարգացման գործում։
«Շեն մնա Գուգարաց Թեմը, և Աստված օգնական լինի նրա բարեխնամ առաջնորդին, Մեծապատիվ Սրբազանին` Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին այս փորձության ճանապարհին... Սիրելի՛ Սրբազան, մեկ օր մոմը կհասկանա, որ գրկել էր մի թել, որն իրեն ոչնչացրեց, պինդ եղեք»,- նշել է Դալլաքյանը։
Որպես Գուգարաց թեմի հոգևոր զավակ՝ Գրիգոր Հարությունյանն էլ հայտարարել էր. «Եթե Սրբազանի հանդեպ կիրառվի որևիցե ապօրինի գործողություն կամ քաղաքական հետապնդում, ապա ես ու իմ բոլոր ընկերները, ինչպես նաև Լոռվա աշխարհի շատ ու շատ թասիբով ու արժանապատիվ մարդիկ անվերապահորեն աջակցելու և կանգնելու ենք մեր շատ սիրելի ու բոլորիս կողմից հարգված Սրբազանի կողքին ու թույլ չենք տալու, որ տիրադավ հակահայերը փորձեն գրավել Գուգարաց թեմի առաջնորդարանը»։
Հունվարի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի էր ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում Գերագույն հոգևոր խորհուրդը առաջարկ էր ներկայացրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին հռչակել կարգալույծ։ Ավելի ուշ Մայր Աթոռը հաղորդագրություն տարածեց, որ հայրապետական տնօրինությամբ՝ կարգալույծ է հռչակել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։
Հիշեցնենք՝ եկեղեցու դեմ արշավին միացած ու տիրադավ անունը ստացած Գևորգ Սարոյանը հայց է ներկայացրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ: Սարոյանը հայցով պահանջում է անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունվարի 10-ի հայրապետական տնօրինությունը՝ որպես հետևանք վերականգնելով Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում:
Արմավիրի մարզի դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանն էլ մեկ օրում որոշում է ընդունել Գևորգ Սարոյանին վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։










