Դատարանը Շահրամանյանի՝ Արցախը «լուծարող» հրամանագիրը ճանաչել է առ ոչինչ. փաստաբան


Դատարանը Շահրամանյանի՝ Արցախը «լուծարող» հրամանագիրը ճանաչել է առ ոչինչ. փաստաբան
Փետրվար 2 17:12 2026

Դատարանը մերժել է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի հայցը՝ Նժդեհ Հովսեփյանի ու ՀՀ ԿԳՄՍ նախարարության դեմ, սակայն փաստաբան Ռոման Երիցյանը նշեց՝ արձանագրվել է, որ Արցախը լուծարելու հրամանագիրը դատական ակտով համարվել է առ ոչինչ։

Դատարանը պարզել է, որ հրամանագիրը կայացվել է ուժի կամ անմիջական սպառնալիքի ազդեցության ներքո, ուստի չունի իրավական ուժ՝ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավունքի համաձայն։

Ըստ նրա՝ դատարանը հստակ արձանագրել է, որ հայցվորի պատիվն ու արժանապատվությունը չնայած նշվածով չի արատավորվում, այնուամենայնիվ, պատմության դասագրքում տեղ գտած տեղեկությունները ոչ ամբողջական են, սակայն դատարանը խորհուրդ է տվել պատմության դասագրքերում տեղեկությունները լրացնել՝ ներկայացնելով դրանց ամբողջական ու ճշգրիտ համատեքստը։

Շահրամանյանը նաև նշել է, որ վերջինիս ցուցմունքներով՝ այդ հրամանագիրը երբեք պաշտոնապես չի ընդունվել ԼՂՀ օրենսդրությամբ և դրա իրականությունը պետք է ամբողջությամբ արտացոլվի պատմության մեջ։

«Հասե՞լ ենք արդարության, թե՞ ոչ, հարցին կարող ենք պատասխանել, որ մենք որոշակիորեն արդարության հասել ենք, որովհետեւ դատարանը նախ արձանագրում է դասագրքում տեղ գտած տեղեկությունների՝ իրականությանը ոչ լրիվ համապատասխանելու հանգամանքը, հստակ նշում է կատարում, որ այդ տեղեկությունները պետք է համալրվեն։ Երկրորդ, դատարանն արձանագրում է, որ նման հրամանագիրն առ ոչինչ է՝ թե ներպետական, թե միջազգային իրավական ակտերով՝ նշելով, որ այն կայացվել է ուժի կամ ուժի գործադրման անմիջական սպառնալիքի ազդեցության տակ»,- ասաց Երիցյանը։