Հունվարի 28-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։25-ի սահմաններում ոստիկանություն է զանգահարել մի կին և հայտնել, որ Փափազյան փողոցի 14 հասցեում գործող «Նոր-Զովք» սուպերմարկետում անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել իր թոռանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի բնակիչ 19-ամյա տղան ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը «Նոր-Զովք» սուպերմարկետում անվտանգության պետը և աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել՝ մի քանի անգամ հարվածներ հասցնելով մարմնի տարբեր հատվածներին, պատճառելով ֆիզիկական ցավ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ նշված արարքը կատարել են Արմավիրի մարզի բնակիչներ 39-ամյա Ալբերտ Գ․-ն և Երևանի բնակիչ 56-ամյա Կարեն Մ․-ն
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով ծեծի ենթարկված Արսեն Հ․-ն աշխատում է «Նոր-Զովք» սուպերմարկետում, որպես բանվոր, Ալբերտ Գ․-ն՝ «Նոր-Զովք» սուպերմարկետի անվտանգության պետն է, իսկ Կարեն Մ․-ն՝ «Նոր-Զովք» սուպերմարկետի անվտանգության աշխատակից։










