Իշխանությունները խախտում են ՀՀ սահմանադրությունը՝ միջամտելով Եկեղեցու ներքին կյանքին, ընդգծում է սահմանադրագետ Գոհար Մելոյանը.
«Սահմանադրության 17-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը։
17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից։
Այսինքն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ պետական մարմիններից անջատ լինելը ՀՀ սահմանադրական կարգի կարևոր պայման և տարր է։
Երբ պետական իշխանության որևէ մարմին կամ ներկայացուցիչ, լինի՝ օրենսդիր, գործադիր կամ դատական, միջամտում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կամ որևէ այլ կրոնական կազմակերպության ներքին գործերին և հարաբերություններին, խախտվում է Սահմանադրության 17-րդ հոդվածը և, հետևաբար, խախտվում է ՀՀ սահմանադրական կարգը, որի պայմանն ու տարրն է կրոնական կազմակերպությունների՝ պետական մարմիններից անջատ լինելը։
Երբ առաջին ատյանի դատարանը կիրառում է հայցի ապահովման միջոց և իր ակտով փաստացի «նշանակում» է Մասյացոտնի թեմի առաջնորդին, տեղի է ունենում ուղղակի միջամտություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին, և փաստացի վերացվում է Սահմանադրության 17-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառելիությունը ՀՀ իրավական համակարգում։
Երբ ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնում՝ նշված դատական ակտը չկատարելու հիմքով, դա նույնպես ուղղակի միջամտություն է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին և հարված է ինչպես Սահմանադրության 17-րդ հոդվածին, այնպես էլ՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սահմանադրական կարգի հիմունքներին։
Դժվար է պատկերացնել, որ իրավաբանական կրթություն ունեցող որևէ անձ կարողանա փաստարկել, թե նշված գործողությունները Սահմանադրության 17-րդ հոդվածի ուղղակի խախտում չեն»։










