«Մեր երկրում այնպիսի խելագարություն է, որ այլևս որևէ բանի վրա հնարավոր չէ զարմանալ»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ասաց ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ մանրամասնելով, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հերթական որոշումն է կայացրել, որով ԶՈՒ-ում վերացնում է հոգևոր առաջնորդի ինստիտուտը։
«Օրերս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը որոշում է ստորագրել, որով չեղարկել է հանգուցյալ Վազգեն Սարգսյանի օրոք կայացված որոշումը։ Մեկ պահ պատկերացրեք՝ Սուրեն Պապիկյանի որոշմամբ չեղարկվել է Վազգեն Սարգսյանի նախաձեռնությունը։ Սուրեն Պապիկյանի որոշման հրամանի համաձայն՝ փետրվարի 1-ից այլևս մեր զինված ուժերում չի լինելու հոգևոր ծառայությունը, հոգևոր առաջնորդությունը։ Հոգևոր առաջնորդի ինստիտուտը վերանում է, իսկ բոլորը պետք է դառնան ուղղակի զինվորականներ, գնդերեցները պետք է դառնան զինվորականներ։ Գնդերեցներ, որ 1997 թվականին հանգուցյալ Գարեգին Վեհափառի և Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ, անցնող բոլոր տարիներին ծառայել են մեր զինված ուժերում, եղել են մեր զինվորի կողքին, նույնիսկ մարտական գործողությունների ժամանակ։ Գնդերեցներ, որոնցից 44-օրյա պատերազմում եղան զոհեր, ունենք անհայտ կորած գնդերեց, ունենք վիրավորած գնդերեց, որոնք երբեք չնահանջեցին, չընկրկեցին, եղան զինվորի կողքին։ Այսօր Պապիկյան Սուրենն ու Նիկոլ Փաշինյանը որոշում են, որ այլևս հոգևոր ծառայություն պետք չէ մեր զինված ուժերում։ Քանաքեռի եկեղեցին, որ մեր զինված ուժերի եկեղեցին է, այլևս այնտեղ զինվոր չենք տեսնելու, իսկ ամեն կիրակի պատարագին բազմաթիվ զինվորներ էինք տեսնում։ Այլևս Աշոտ Երկաթի խաչը, որ մեր զինված ուժերի պահապանն էր ՝ Վեհափառի որոշմամբ, այլևս բանակի հետ կապ չի ունենալու»։
ԱԺ պատգամավորը որշումը որակեց եկեղեցու դեմ արշավ։
«Փոքրոգի, տմարդի, աղանդավոր, թշնամի արշավ է։ Տեսան, որ այս շաբաթներին զինվորականները, որոնց իրենց ուսադիրի վրա թքած ունեին, հայրենիքի վրա թքած ունեին, փորձում էին ճնշել գնդերեցների, բայց որևէ մեկը չդավաճանեց Վեհափառին, որևէ մեկը չդավաճանեց Հայ առաքելական եկեղեցուն, ինչպես որ պատերազմի դաշտում հայրենիքը չեն դավաճանել։ Տեսան, որ չէին կարողանում ազդել և,իրականում, վերջին շրջանում շատ էր մտահոգությունը, որ գնդերեցների ինստիտուտը, համակարգը վերանալու է։ Բանակի տոնի նույն այս շրջանում, երբ Նիկոլ Փաշինյանը այդ զինվորականներին նայելով, ուղղակի անգրագետ դատողություններ էր անում, մեկը ծպտուն չէր հանում, արցախցի զինվորականների ներկայությամբ Արցախն էր ուրանում, հիմա ճիշտ այդ օրերին մեր զինված ուժերում իրենց խոնարհ ծառայությունն իրականացնող հոգևոր առաջնորդը և հոգևոր ծառայությունը վերացվում է Սուրեն Պապիկյանի հրամանով։ Տեսենք, էլ ի՞նչ փորձանք են սրանք բերելու մեր գլխին»,- ասաց Մանուկյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։










