Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել եկեղեցու դեմ. պարտադրում են տիրադավ Արման Սարոյանին ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդ


Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել եկեղեցու դեմ. պարտադրում են տիրադավ Արման Սարոյանին ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդ
Հունվար 29 17:19 2026

Դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ ներկայացնելով մանրամասները։

«ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ներկայացված հաղորդման համաձայն՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը քաղաքացիական գործի շրջանակներում 2026 թվականի հունվարի 16-ին տրված կատարողական թերթով արգելել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց իրականացնել որևէ գործողություն, որը կարող է որևէ կերպ խոչընդոտել Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, որպես Մասյացոտնի թեմի առաջնորդ, իրականացնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության 68-րդ հոդվածով, ինչպես նաև կիրառելի այլ կանոններով թեմի առաջնորդի համար սահմանված իրավասություններն ու պարտականությունները, այդ թվում նաև՝ Մասյացոտնի թեմի ֆինանսական միջոցների տնօրինումը և ֆինանսական գործարքների իրականացումը՝ մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը:

Այնուհետև, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցվել է կատարողական վարույթ, որի շրջանակում կայացվել է «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին» որոշումը: 2026 թվականի հունվարի 19-ին որոշումն առձեռն հանձնվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատուն: 

Մինչդեռ նման պայմաններում, Գերագույն հոգևոր խորհրդի 2026 թվականի հունվարի 27-ի որոշմամբ՝ հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Նկատի ունենալով, որ հաղորդմամբ փաստվում են հիշյալ կատարողական վարույթի շրջանակներում «Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու» համապատասխան ծառայողների կողմից իրենց ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու և այն չկատարելուն դրդելու առերևույթ հանցագործության դեպքեր, 2026 թվականի հունվարի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասի և 46-507-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որով իրականացվում են վարութային և ապացուցողական գործողություններ»,- ասվում է հաղորդագրությունում։