Ես Ադրբեջանի նախագահի կայացրած մի շարք որոշումների վերաբերյալ իմ գոհունակությունը արտահայտել եմ, և, մասնավորապես, եթե Ադրբեջանի տարածքով Հայաստան գալիս է հացահատիկ, դիզվառելիք, ճանապարհների ապաշրջափակում է տեղի ունենում, ես չեմ կարծում, որ դրա համար մենք պետք է Ադրբեջանին քննադատենք, էլ չեմ ասում, որ դատափետենք: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է Լուրերը:
«Հայաստանի մամուլը և հանրությունը և քաղաքացիական հասարակությունը բարձրաձայնում էին Վագիֆ Խաչատրյանի կյանքը սպառնալիքի տակ լինելու մասին, Վիգեն Էուլջեքջյանի կյանքը սպառնալիքի տակ լինելու մասին, երբեմն խոսք էր գնում մեր մյուս վերադարձած եղբայրների առողջական վիճակի ծանր լինելու մասին, բայց, օրինակ՝ Վագիֆ Խաչատրյանի դեպքում վերադարձել է, ծանր վիրահատության է ենթարկվել, և Հայաստանի հանրությունը ամիսներով մտահոգություն էր արտահայտում, խնդիր էր առաջադրում, հիմա եթե այդ խնդիրը լուծվել է, կա դժգոհությո՞ւն»,- նշեց Փաշինյանը:
Ինչ վերաբերում է Ղարաբաղյան շարժմանը, ապա Փաշինյանն ասաց հետևյալը.
«Ես իմ ամանորյա ուղերձում ասել եմ, որ այն խոսույթը, որ Ղարաբաղը մերն էր, այլևս մերը չէ, այդ աշխարհաքաղաքական թակարդում գտնվողի խոսույթ է: Ճշմարտությունն այն է, որ ՀՀ-ն մերը չէր, և այլևս մերն է: Կարծում եմ՝ մեկընդմիշտ պետք է փակենք [այդ խոսույթը], որովհետև Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը, և այդ թեման իմ համար փակված է: Ես էլ Հայաստանի ժողովրդին շատ ուղիղ հրապարակային ասել եմ, որ կարծում եմ՝ Ղարաբաղի շարժումը չպետք է շարունակվի: Ես, որպես ՀՀ-ի վարչապետ, որդեգրում եմ այդ գիծը և տանելու եմ այդ գիծը, և եթե քաղաքացիները գտնում են, որ սխալ եմ ես, անհամաձայնություն ունեն այդ քաղաքականության հետ, ես կոչ եմ անում, որ նրանք հեղափոխություն անեն: Ես կարծում եմ՝ շատ վարչապետ չի եղել որևէ երկրում, որ ժողովրդին կոչ անի հեղափոխություն անել: Ժողովուրդը հեղափոխություն չի արել, և մենք այդ քաղաքականությունը շարունակում ենք»:
Անդրադառնալով օկուպացված տարածքներին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես իմ ուղերձներում էլ դրա մասին հստակ դիրքորոշում արտահայտել եմ, ասել եմ, որ Հայաստանի օկուպացված տարածքների հարցը կլուծվի դելիմիտացիայի պրոցեսի շրջանակներում, և համոզված եմ, որ կլուծվի»:










