Ազգային ժողովն ընդունեց՝ հունվարի 27–ը կսահմանվի Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։
Այդ օրը կլինի ոչ աշխատանքային։
Այս նախաձեռնության հեղինակներն են ՔՊ-ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ու «Հայաստան» խմբակցությունից հեռացած Գեղամ Նազարյանը։
Ռուբինյանը նշել է, որ այդ օրը կհարգեն տարբեր տարիների ռազմական գործողությունների ժամանակ հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհածների հիշատակը։
Ըստ նրա՝ 25 տարիների ընթացքում չի եղել համապետական հիշատակի օր։
«Հաշվի առնելով վերջին տարիների իրադարձությունները՝ 2020-ին ու դրանից հետո եղել են տարբեր իրադարձություններ, մենք ունեցել ենք զոհեր, գաղտնիք չէ, որ դրանից առաջ էլ եղել են տարբեր ռազմական իրադարձություններ՝ ապրիլյան պատերազմը, դրանից առաջ՝ տարբեր սահմանային դեպքեր, հարձակումներ, ունեցել ենք նաև ծառայության ժամանակ զոհեր։ Կարծում եմ՝ կա անհրաժեշտություն՝ սահմանելու հիշատակի օր, որի ընթացքում կհարգենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը»,- նշել էր Ռուբինյանը։
Թե ինչու են առաջարկել, որ այդ օրը լինի՝ Ռուբինյանը պարզաբանել էր՝ պետք էր ընտրել այնպիսի օր, որը կոնկրետ որևէ ռազմական իրադարձության օր չէ։
«Ընտրել ենք հունվարի 27-ը՝ որպես բանակի օրվան նախորդող օր, որովհետև ավանդաբար հունվարի 28-ին պաշտնոյաներն այցելում են Եռաբլուր»,- ասել էր ՔՊ-ականը։










